ԸՕ-ով ունենք մեծ ծավալի գործիքակազմ, ինչը հնարավորություն է տալիս հետևելու ողջ ընտրական գործընթացը. ԿԸՀ նախագահ
«Ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հիմնական փոփոխությունը, որ տեղի է ունեցել և գործելու է այս ընտրությունների ժամանակ, վերաբերում է քվեարկության կարգին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ տարածքային ցուցակները հանվեցին, ինչը նշանակում է, որ քվեաթերթիկը դարձերեսին չի ունենալու տարածքային ցուցակ:
«Քաղաքացին գալով ընտրական տեղամաս՝ ստանալու է քվեաթերթիկներ, որոնց վրա լինելու են կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը: Այնուհետև ընտրողը քվեաթերթիկներից ընտրում է այն, ում օգտին ուզում է քվեարկել, դնում է ծրարի մեջ: Որևէ նշում, գրառում չի կատարվելու քվեաթերթիկի վրա: Ավելորդ քվեաթերթիկները գցելու են առանձնացված արկղի մեջ, որովհետև յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար կտպագրվի առանձին քվեաթերթիկ»,- ասաց Տ.Մուկուչյանը:
Նա նշեց, որ գրիչներ քվեախցերում չեն դրվելու:
Տ.Մուկուչյանի ներկայացմամբ, կուսակցությունների, դաշինքերի գրանցումից հետո տեղի է ունենում վիճակահանություն, յուրաքանչյուր կուսակցություն ստանում է իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Եթե անգամ գրանցումից հետո լինեն կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, որոնք կներկայացնեն ինքնաբացարկներ, միևնույն է, համարները փոփոխության չեն ենթարկվելու: Բացի դրանից, քվեաթերթիկները կողքի հատվածում ունեն համապատասխան սև նիշ, որը յուրաքանչյուրի համար տարբեր բարձրության վրա է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տարբերել, որ այդ խրձում կան նաև այլ քվեաթերթիկներ։
Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվերակության օրը՝ հունիսի 20-ին, արդյո՞ք բոլոր ընտրատեղամասերում կլինեն տեսախցիկներ ուղիղ հեռարձակում ապահովելու համար, ԿԸՀ նախագահն ասաց, որ այս փուլում տարվում են աշխատանքներ:
«Ընտրությունների ժամանակ տեսախցիկների տեղադրումն իրականացվում է կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով: Տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են: Նախկին ընտրությունների ժամանակ տեսախցիկներ ունեցել ենք 1500 տեղամասում: Այդքան տեղամասերում քվեարկում է մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը, միայն հեռավոր բնակավայրերում, փոքր թվով ընտրողներ ունեցող տեղամասերում տեղադրված չեն եղել: Այս անգամ աշխատանք է տարվում, որ 1500 տեղամասն էլ ապահոված լինեն»,- ասաց Մուկուչյանը:
Նա նշեց, որ նախկինում եղել է 2009 տեղամաս, եթե լինի անհրաժեշտություն, նոր տեղամասեր կլինեն:
Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքով ունեն մեծ ծավալի գործիքակազմ, ինչը հնարավորություն է տալիս հետևելու ողջ ընտրական գործընթացը։ Մասնավորապես, տեղամասային կենտրոններում լինում են դիտորդներ, վստահված անձինք, ԶԼՄ-ներկայացուցիչներ, իրականացվում է տեսանկարահանում, լուսանկարահանում, քվեարկության ավարտից հետո կարելի է ստանալ արձանագրության քաղվածքը, ընտրություններից հետո հրապարակվում են ընտրողների ստորագրած ցուցակները:
«Այս ամենը այն վերահսկողական գործիքակազմն է, որը նախատեսված է ընտրական գործընթացի մի կողմից թափանցիկությունն ապահովելու, մյուս կողմից բոլոր սուբյեկտների համար հանրային վերահսկողություն իրականացնելու համար»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին պաստառների հետ կապված ԸՕ որևէ իրավանորմի խախտում չենք կարող արձանագրել. Մուկուչյան
- ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն
- ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների վրա նշում չի արվելու, գրիչ չի օգտագործվելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան