Ընտրելով Փաշինյանին՝ կրկնապատկվելու է ձեր պատասխանատվությունը. Լիլիթ Թումանյան
«Քաղաքական ուժերը պետք է մեզ համար բաց տեսքով հայտարարություն անեն՝ արդյոք խորհրդարան անցնելու պարագայում կոալիցիա կազմելո՞ւ են Փաշինյանի հետ, թե՞ ոչ, նախ և առաջ պետք ասեն, որ չեն կազմում, իսկ մենք իրենց բաց տեքստով ցույց տանք, որ հականիկոլ ենք»,- ասուլիսում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Թումանյանը:
Ըստ նրա, ընդդիմադիր դաշտի բոլոր հայտ ներկայացրած կուսակցությունները հայտարարել են և դեռ ասելու են՝ միմյանց դեմ չեն պայքարում, իրարից ձայն խլելու խնդիր չունեն, իրենց պայքարը Նիկոլի դեմ է:
«Ընտրազանգվածը՝ ժողովուրդը, հասարակությունը, նույնպես պետք է դիրքավորվի իր խրամատում, որպեսզի չլինեն տարընթերցումները, շահարկումներ: Մենք բոլորս մի կաթսայի մեջ ենք և խրամատի այս կողմում ենք, մեր թշնամին այն մարդն է, ով մինչև օրս հանձնում է Հայաստանի սուվերեն տարածքները:
Սա է «Անտինիկոլ շարժման» հիմնական շարժառիթը, որպեսզի այն մարդիկ, որոնք ժամանակին չեն գիտակցել, չեն միացել, հիմա ուզում են միանալ, ունեն այդ հնարավորությունը»,- ասաց Լ. Թումանյանը:
Նրա կարծիքով, որքան հստակ ցույց տան ընտրազանգվածի պատկերը, այնքան հեշտ կլինի քաղաքական ուժերին քարոզչություն վարելուց արդեն հասկանալ ուժերի հարաբերակցությունը:
«Իսկ հարաբերակցությունը հիմա, օրինակ, Փաշինյանի օգտին չէ: Սյունիքում տեղի ունեցող նմանատիպ իրադարձություններն ավելի են գցելու նրա վարկանիշը»,- հավելեց Լ. Թումանյանը:
Նա ընդգծեց՝ իրենց միակ գործիքակազմը ճշմարտությունն է, հիշեցնել ճշմարտությունը, քանի որ Փաշինյանի հիմնական գործիքներից մեկը կարճ հիշողությունն է և այդ հիշողության ստվերումը: Լիլիթ Թումանյանն ասաց, որ «Անտինիկոլ շարժումը» ազդեցիկ գործիքակազմերից մեկն է, բայց ոչ միակը:
«Տեսնենք՝ քաղաքական գործիչներն ինչ գործիքակազմ են կիրառելու: Ներկա եմ գտնվել Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին, զուտ քաղտեխնոլոգիական հետաքրքիր տարրեր կային, որոնք շատ լավ աշխատեցին, հմուտ, գրագետ կազմակերպված տարրեր էին»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը:
Նրա խոսքով, շատ մեծ նշանակություն ունի քարոզարշավի ընթացքը, կազմակերպչական ձևը, կարծում է, որ ընդդիմադիր դաշտում դիրքավորված ուժերը որոշակիորեն կփոխեն իրենց մարտավարությունը, չեն կիրառի նախկինում կիրառած մեթոդները:
Լիլիթ Թումանյանը խորհուրդ տվեց անպայման մասնակցել ընտրությունների, քանի որ բոյկոտելով, ընտրությանը չգնալով՝ նվազեցնում են ընտրազանգվածի չափը, փոքր ընտրազանգվածի պարագայում Փաշինյանի 10 կամ 20 տոկոսը կդառնա 50, ինչպես եղավ 2018-ին:
«Առաջին հերթին գնալ ընտրության, ընտրել ցանկացած քաղաքական ուժի, որը դեմ է Փաշինյանին, չի համագործակցելու Փաշինյանի հետ: Ընտրելով Փաշինյանին կամ իր հետ արբայնակային կապի մեջ գտնվող կուսակցությունների, բերելու եք նրան, որ ձեր պատասխանատվությունը կրկնապատկվելու է. եթե պատասխատու եք 2018 թվականին Նիկոլին բերելու, հետևաբար զոհերի, Արցախի, Սյունիքի տարածքների կորուստի համար, այս դեպքում կավելացնեք առհասարակ Հայաստան չունենալու պատասխանատվությունը»,- ասաց Լ. Թումանյանը:
Նա նշեց, որ որոշումներ կայացանող անձինք պետք է վճռականություն դրսևորեն, դրա համար պետք է լինի հանրային պահանջ:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. #Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք
- Հայաստանը մահաբեր «նիկոլավիրուսից» ազատելու համար մենք սկսում ենք #antinikol շարժումը․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան