Դատավոր Պետրոսյան. Հրաժարականի դիմում եմ ներկայացրել, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք «հետապնդումներից»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը գրում է.
«Հարգելի գործընկերներ,
Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որպիսի հանգամանքը դատավորի լիազորությունների դադարման հիմք է:
Ամիսներ շարունակ տևած գործընթացները իմ նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի և քրեական գործի շրջանակներում վերհանեցին դատական իշխանության կրողի առջև ծառացած այն խնդիրը, որ դատավորը միայնակ է դիմակայում ճնշումներին ու մարտահրավերներին, որովհետև մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվել է օրենսդիր մարմնի արդեն նախկին իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվել է սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի:
Իրավական գործընթացների ամբողջ ընթացքում պահպանել եմ դատավորի զսպվածության և չեզոքության արգելքը:
Եվ չնայած որ այս պահի դրությամբ կարճված է իմ նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը և մերժված է կարգապահական վարույթը, ես կամ այլ դատավոր երաշխավորված չենք շարունակական «հետապնդումներից»: Ասվածի ապացույցը քաղաքական հնչեղություն ունեցող գործերով դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների առկայությունն է:
Եվ քանի դեռ կան այդ գործընթացները, պայքարը շարունակվում է…
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց բարոյական աջակցությամբ հավաստեցին իմ ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:
Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր այն անդամներին, ովքեր չվարանացեին պաշտպանել իրենց գործընկերների խախտված իրավունքները»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները