Ալվինա Աղաբաբյան. Տարածք գերու դիմաց ցանկացած գործարք պետք է բացառել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«ՏԱՐԱԾՔ ԳԵՐՈՒ ԴԻՄԱՑ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾԱՐՔ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ
ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հնչեցրել էր իրենց այն պնդումը, թե Ադրբեջանն արդեն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին։ Մինչդեռ Ադրբեջանում առ այսօր շարունակվում են պահվել նվազագույնը 200 հայ գերիներ։
Իրականում Ադրբեջանը փորձում է հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորել տարածքային պահանջներով։
Այս մասին ասվում էր նաև օրեր առաջ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հրապարակած հոդվածում։ Եվ հայկական, և ռուսական կողմի դիվանագետները «Կոմերսանտ»-ի հետ զրույցներում հայտնել էին, որ Ադրբեջանը փորձում է հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց տարածքներ ստանալ Արցախից և ՀՀ-ից։ Մասնավորապես` Ադրբեջանը մեր գերիների վերադարձի դիմաց պահանջում է իր վերահսկողությանը փոխանցել, ասել թե ` իրեն հանձնել Արցախի Կարմիր շուկա-Շուշի ճանապարհը և Տավուշի մարզի մի շարք գյուղեր։
Որքան էլ ականջահաճո չլինի, «տարածք գերու դիմաց» ցանկացած գործարք պետք է բացառել ի սկզբանե։
Ինչու՞։
Որովհետև`
- Հիշեցնեմ. Ադրբեջանն առ այսօր դեպի Շուշի ճանապարհ չունի։ Ադրբեջանական ռազմական և քաղաքացիական ավտոմեքենաները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշի են հասնում Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհով։ Ճանապարհի հանձնումը Ադրբեջանին շղթայաբար բերելու է Կարմիր Շուկայի և ճանապարհամերձ մի շարք գյուղերի հայաթափմանն և Ադրբեջանի կողմից օկուպացիայի, էլ ավելի մեծ հարվածի տակ է դնելու Մարտունու շրջանը։
- Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից ընդամենը 300 մ արևմուտք գտնվող Հին/Վերին Ոսկեպար, ինչպես նաև Ազատամուտ, Այգեհովիտ, Դիտավան գյուղերին գրեթե կպած, չբնակեցվող Բարխուդարլի և Սոֆուլու գյուղերի և Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհի որոշ հատվածների նվիրումն Ադրբեջանին ևս ծանր հետևանքներ է ունենալու մեզ համար։
Նշված տարածքները 1930-ականներին արհեստական հիմնավորումներով պարզապես պոկվել էին Խորհրդային Հայաստանից և կցվել Խորհրդային Ադրբեջանին, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ վերամիավորվել էին Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ նշված հատվածների օտարումը թշնամուն բերելու է նրան, որ
- Ոսկեպար, Ազատամուտ և Կիրանց գյուղերը Սյունիքի Շուռնուխ գյուղի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա, մեր այդ հինգ գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,
- Հայաստանը Վրաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի զգալի հատվածներն անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում։
- Փաստ չէ, որ եթե անգամ հայկական կողմը գնա նման անթույլատրելի գործարքի, Ադրբեջանը կվերադարձնի մեր բոլոր գերիներին։ Ընդհակառակը, վստահաբար կարող ենք ասել, որ նման գործարքի դեպքում Ադրբեջանը կտա մեր գերիներից մի քանիսին` մյուսների պահելով հետագա «առևտրի», ասել է թե` նոր տարածքների դիմաց «վաճառելու» համար։
- Հայտնի բան է` շան ախորժակը նրա դիմաց գցած մսի կտորից է բացվում։ Մեկ անգամ նման գործարքի գնալը բերելու է նրան, որ Ադրբեջանը և Արցախից, և ՀՀ-ից անընդհատ նոր գերեվարումների փորձեր է ձեռնարկելու` մեր նոր գերիներին կրկին տարածքների դիմաց մեզ վաճառելու համար։
Մեր գերիներին վերադարձնելու տարբեր ճանապարհներ և ազդեցության լծակներ ու գործիքներ կան, հնարավորություններ, որոնց ուղղությամբ ՀՀ ներկայիս օկուպացիոն վարչակարգը ոչ մի քայլ չի կատարել։
Եվ չի էլ կատարելու։
Ինչու՞։
Որովհետև մեր ներկայիս իշխանությունները փաստացի սպասարկում են թուրք-ադրբեջանական շահը ՀՀ տարածքում և իրենց օրակարգը նույնական է Ադրբեջանի օրակարգի` Հայաստան պետությունը վերջնական կործանելու հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան