Առհասարակ, ՀՀ-ն այլևս չունի որևէ անվտանգ տարածք. Սոֆյա Հովսեփյան
«Ադրբեջանական կողմը համառորեն շարունակում է իր պահանջները՝ հաշվի առնելով միայն սեփական շահերն ու անտեսելով բոլոր տեսակի ճնշումները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հայ գերիների վերադարձի խնդրին։
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է հստակ վերաբերմունք ցույց տա Ադրբեջանին և արտահայտի իր դիրքորոշումը, քանի որ Ադրբեջանը օգտվում է միջազգային ֆինանսավորումներից, բայց անտեսում է վերջինիս բոլոր պահանջները։
Դիտարկմանը, որ բացի այդ, Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ լինելու է Մեղրու միջանցք, Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց՝ ասելով, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր ագրեսիվ մոտեցումներն ու մշտական հրահրումները։
«Մենք այս հարցին պետք է լուրջ պատրաստվենք, և այն պետք է որպես մարտահրավեր ընդունենք, ոչ թե սպասենք, որ հերթական վախի մթնոլորտն առաջացնեն։ Բայց ցավալի է, որ մեր կողմից դեռ լռություն է, հակադարձում չկա, անգամ միջազգային կառույցների ուշադրությունն այս հարցին չի սևեռվում, թեև Ադրբեջանն արդեն վտանգ է հանդիսանում ՀՀ սահմանի համար։ Փաստացի մենք պետք է պատրաստվենք այն ամենին, ինչը որպես մարտահրավեր Ադրբեջանը նետելու է, և դիմակայենք, այլ տարբերակ չի մնացել»,- կարծիք հայտնեց նա։
Պատգամավորը նշեց, որ իշխանությունները պարտավոր են անդրադառնալ սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության խնդրին, և պարտավոր են ապահովել անվտանգություն։
«Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում և Վարդենիսում անվտանգ չէ, և առհասարակ՝ ՀՀ-ն այլևս չունի որևէ անվտանգ տարածք։ Եվ եթե մենք խաբում ենք շիրակցուն, թե Սյունիքում անվտանգ է, ապա սյունեցուն չենք կարող խաբել։ Ուստի ավելի ճիշտ կլինի, որ լռեն ու գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիա տարածեն, թե Սյունիքում անվտանգ է։ Սյունեցու անվտանգությունն ապահովված չէ, այդ ուղղությամբ քայլ էլ չկա արված»,- նշեց նա։
Անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություններին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ որոշել է այս փուլում չմասնակցել դրանց, իսկ ապագայում քաղաքականության մեջ լինել-չլինելու հարցը դեռ փակված չէ։