Գործատուները պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ձեռք բերած 429 տղայի. «Նոր էջ»
Մեկնարկել է «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որն ուղղված է մարտական գործողություններին մասնակցած ու զորացրված 18-30 տարեկան երիտասարդների աջակցությանը։
«Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի» նախագահ Արփի Կարապետյանի խոսքով, նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունվար ամսից և ստացել է աջակցություն բազմաթիվ կազմակերպությունների կողմից, իսկ ահա ապրիլի 1-ից նախագիծը թևակոխել է երկրորդ փուլ, երբ արդեն կան հավաքագրված տվյալների բազաներ։
«Հավաքագրված տվյալների հիման վրա իրականացվել է վերլուծություն, քարտեզագրվել է ծրագրի հաջորդ փուլը՝ հիմնվելով զորացրված երիտասարդների, գործատուների, թրեյներների և մենթորների, կարիքների բացահայտման և համապատասխանեցման վրա։ Համաձայն փետրվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրված տվյալների, որում ներառված են 1303 զորացրված, որոնցից 864-ն է հարցմանը մասնակցել, ինչպես նաև 162 գրանցված գործատուներ, որոնցից հարցմանը մասնակցել են 109-ը, ստացել ենք պատկեր, թե ինչպիսին պետք է լինի մեր ճանապարհային քարտեզը»,- ասաց նա։
Ըստ բանախոսի, հարցված տղաների մոտ 53 տոկոսը 21-24 տարեկաններ են, որոնք հիմնականում Երևանից և Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզերից են եղել։ Հարցմանը միջին մասնակցություն են ունեցել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի ներկայացուցիչները։ Իսկ ահա Արցախի, Սյունիքի և Վայոց Ձորի հատվածներից շատ քիչ մասնակցություն է եղել հարցմանը։
«Նրանց մեծամասնությունն ունեցել է բարձրագույն կամ անավարտ բարձրագույն կրթություն, հիմնական ոլորտները եղել են ծրագրավորումը, տնտեսագիտությունը, կառավարումը, ճարտարագիտությունն ու գյուղատնտեսությունը»,- ներկայացրեց R-Insights հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանը։
Նա նկատեց, որ հարցմանը մասնակցած երիտասարդներից 405-ը պատերազմի ընթացքում ստացել են վնասվածք կամ խեղում, և նրանցից ոչ բոլորն են անցել բժշկա-սոցիալական փորձաքննություն։
«Եթե հստակ թվերով ներկայացնենք, ապա 321-ը ստացել է վնասածք, 142-ը խեղում, իսկ 47-ը ձեռք է բերել այլ տեսակի հիվանդություններ։ Ունենք 48 զինծառայող, որոնք բժշկական փորձաքննություն անցել են, սակայն նրանց՝ հաշմանդամության կարգ ստանալու դիմումը մերժվել է։ 149 հոգի էլ դեռ պատասխանի է սպասում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է գործատուներին, ապա առաջիկա 6 ամիսների համար 884 աշխատատեղ է արձանագրվել, որոնք նախատեսված են զինծառայողների համար։
«Հիմնական ուղղություններն են՝ ծրագրավորում, ֆինանսներ, բժշկություն, դեղագործություն, գյուղատնտեսություն, ճարտարագիտություն, մարքեթինգ, դիզայն և հաճախորդների սպասարկում։ Գործատուները պատրաստ են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ձեռք բերած 429 տղայի, այսինքն՝ հարցվածների մոտ կեսին»,- հայտնեց Լիլիթ Ղաբանյանը։
Նա հավելեց, որ ավելի բարդ է աշխատանք գտնել հաշմանդամություն ձեռք բերած այն տղաների համար, որոնք կորցրել են ձեռքերը, ոտքերը, հիշողության հետ կապված խնդիրներ ունեն, կամ կուրացել են. «Մեր՝ զինծառայողների շրջանում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հիմնական խնդիրը կապված է տղաների քայլելու կարողության հետ»։