Ադամ Շիֆ․ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի հատումը ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի կորուստների
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստին։
«Ինձ խորապես անհանգստացնում են վերջին հաղորդագրությունները, ըստ որոնց, ադրբեջանական զորքերը հատել են Հայաստանի տարածքը: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորուստների: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գիտակցեն, որ մեր վարած քաղաքականությունը խրախուսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմական էսկալացիայի՝ սպառնալով նոր պատերազմ:
Ես շփվել եմ Բայդենի վարչակազմի հետ և հորդորել եմ նրանց ավելի խորությամբ ներգրավվել Մինսկի խմբի միջոցով, ինչն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ: Ըստ հաղորդումների, Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է Պետդեպարտամենտի կողմից 907-րդ բանաձևով նախատեսված՝ Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու սահմանափակումներից անհիմն հրաժարումումից օրեր անց։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար մասնակցում է մարդու իրավունքների խախտումներին և ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը»,-գրել է Ադամ Շիֆը։