Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու մասին։
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն առարկեց՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմքերը կան, շարունակում են լինել, հետևաբար, դատարանը պետք է որոշում կայացանի՝ մերժելու միջնորդությունը:
Այսօր գործով մեղադրյալներից Բարսեղ Բեգլարյանի շահերի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը նույնպես միջնորդեց Բարսեղ Բեգլարյանի հանդեպ կիրառված՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։
Պաշտպանի խոսքով, Բարսեղ Բեգլարյանն այս ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ և չի կարող խոչընդոտել գործի քննությանը, ազդել գործի քննության վրա։ Գործող մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդության դեմ հանդես եկավ:
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսից: Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում»։
Ըստ Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում»։
Ըստ Գևորգ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ «նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք ծաղկաքաղ, ընտրանքային մեղադրանքի հետ. Սերժ Սարգսյանի պաշտպան
- Պաշտպանները միջնորդեցին կալանքից ազատել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը
- Պաշտպան.Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, անարժանահավատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան