«Ժողովուրդ». Իշխանությունների սիրելի գործարարի խնդրանքը կատարվում է. վերջինս էլ վարձահատույց է լինում ֆինանսական աջակցությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս անցած տարի՝ դեկտեմբերին, հայրենի կառավարությունը «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին 10 տարով տրամադրված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին ազատել էր 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։ Այնուհետև նույն ընկերությունը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ն իրեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձավճարի վճարման պարտավորությունից ազատելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս ընկերության հանդեպ կառավարության սերը պայմանավորված է մի հանգամանքով. «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը, պարզվում է, մտերիմ է իշխանության կարկառուն դեմքերի հետ: Երեմյանների գործերը սկսեցին լավանալ 2018 թվականից, իշխանությունները նրանց աջակցում են բոլոր հարցերում: Նշենք, որ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունն իրականացնում է հանրային սննդի կազմակերպում, ընկերությանն է պատկանում նաև «Էկո Ֆարմ»-ը (ընկերությունն իրականացնում է խոշոր եղջերավոր անասունների բուծում), «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանների ցանցերը։
Եվ, ահա, Դավիթ Երեմյանն էլ, որպեսզի շնորհակալ լինի իշխանություններին, լուրեր են պտտվում, որ խոշոր գումար է փոխանցել «Իմ քայլ»-ի՝ դեռ ոչ պաշտոնապես գործող շտաբին, որպեսզի ընտրությունների ժամանակ ծախսեն, ու դա, լուրեր կան, որ արվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի միջոցով: Դավիթ Երեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ինքը բիզնեսմեն է, ու իրեն պետք չէ ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: