Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին
ԱԽ հրավիրված նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերին, Փաշինյանը հայտարարեց․
«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։
Ելնելով վերը նշվածից, ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։
Միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար»։