Սև լճի տարածքում իրավիճակն անփոփոխ է, կրկին ԱԽ նիստ կգումարվի
Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տիրող իրավիճակը։
«Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել ՀՀ պետական սահմանը՝ Սև լճի հատվածում։ Ուզում եմ ասել, որ երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և այն շարունակում է մնալ նույնը։ Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, այնտեղ նաև մեր զինվորների մեծաթիվ ներկայություն կա։ Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն չկա։ Երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- ներկայացրեց նա։
Թե ինչու է իրադրությունն այդպիսին, Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց՝ ասելով, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որոնցով ուզում են ցույց տալ, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։
«Էլի եմ ասում՝ այդ քարտեզները կեղծված են, դա ակնհայտ է։ Դա երևում է նաև խորհրդային քարտեզների հետ համեմատությամբ։ Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս՝ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»,- նկատեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ կարող է հարց ծագել՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները հասել Սև լիճ։ Նրա խոսքով, դա առանձին քննարկման խնդիր է, որը անպայման դիտարկվելու է։
«Երեկվանից ասվում է, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, իսկ հետո հաստատվեցին այդ լուրերը, հիմա ես ուզում եմ ասել, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների ու զոհերի առկայության մասին ապատեղեկատվությունը։ Ուզում եմ նաև ասել, որ այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, քանի որ, ըստ էության, մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը մնա անձեռնմխելի, իսկ Ադրբեջանի զինուժը հետ քաշվի ելման դիրքեր»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր Կառավարության նիստից հետո ԱԽ նիստ կգումարվի, որտեղ ավելի մանրամասն կքննարկվի իրադրությունը, կընդունվեն անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ։
«Պետք է լինել շրջահայաց, վճռական ու սկզբունքային։ Պետական մարմինները պետք է փոխգործակցեն բարձր մակարդակով՝ իրադրությունը հանգուցալուծելու համար։ Մեր նպատակն է, որ ինչպես եկել են, այդպես էլ գնան ելման դիրքեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Մեկ շաբաթը լրիվ բավարար էր Սև լճի տարածքում մեր կողմից երկու վաշտ տեղակայելու և թեման փակելու համար
- Վեց ամիս բարձրաձայնում ենք՝ Սև լճում խնդիր ունենք, բաց, չպահպանվող տարածքներ կան. Գորիսի փոխհամայնքապետ
- Փաշինյան. Ադրբեջանի ԶՈՒ-ն հատել է պետական սահման ու խորացել է 3.5 կմ, իրավիճակը մերձճգնաժամային է