Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ «Գիտուժ»-ի հայտարարությունը
«Գիտուժ» նախաձեռնության հայտարարություն է տարածել՝ գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման՝ Կառավարության մայիսի 13-ի որոշման կապակցությամբ։
«Գնահատելով գիտության զարգացմանը միտված հերթական դրական քայլը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը
Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը հերթական դրական քայլն է ճիշտ ուղղությամբ։ Այն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն, ցավոք, հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է։ Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը։
«Գիտուժ» նախաձեռնությունը բարձր և դրական է գնահատում գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը։ Այդ քայլն ինքնին անհրաժեշտ դրական ազդակ է գիտական համայնքի համար, որը, միանշանակ, կառաջացնի որոշակի աշխուժություն։ Սակայն ժամանակն է դրական և նույնիսկ աննախադեպ քայլերից անցնել ռազմավարական և համակարգային գործողությունների։
Մտահոգիչ է, որ այդպես էլ չի գիտակցվում հենց-հիմա-և-այստեղ շեշտակի ներդրում անելու հստակ և անքննարկելի անհրաժեշտությունը։ Լավ է, որ բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը 1-2 տարով չի սահմանափակվում և համեմատաբար երկարաժամկետ է(մինչև 2025թ.), սակայն, ցավոք, սկսվում է միայն հաջորդ տարվանից և բավարար շեշտակի չէ։
Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ։ Առկա գիտական ներուժում ներհոսքի և արտահոսքի ծայրահեղ բացասական հարաբերակցությունը հատել է բոլոր կարմիր գծերը, և ամեն մի կորցրած ամիսն ու տարին հետագայում վերականգնելը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ և ժամանակ կամ, պարզապես, դարձնելու է անհնարին։ Կորցրած ժամանակը բազմապատիկ չափով է հետաձգելու երկրի զարգացման հնարավորությունները՝ կրթությունից մինչև անվտանգություն։
«Գիտուժ» համայնքը բարձրաձայնել և շարունակելու է բարձրաձայնել համակարգային և ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին։ Տեղային կիսաքայլերը, ինքնին դրական լինելով, կարող են նույնիսկ կողմնակի բացասական հետևանք ունենալ՝ առաջացնելով բարձր արդյունավետության սպասումներ, որոնց չարդարացումը կբերի բնական հիասթափության և վերջնարդյունքի գնահատակի խեղաթյուրման, որն էլ իր հերթին կարգելակի հետագա ներդրումները։ Մեկ ուղղությամբ դրական քայլը անհրաժեշտ է համադրել հարակից ուղղություններում համաչափ ներդրումների հետ համապատասխան արդյունավետության հասնելու համար։ Մասնավորապես՝
● ասպիրանտական տեղերի ու կրթաթոշակների կտրուկ ավելացում,
● Սփյուռքի գիտնականների և ճարտարագետների ներուժի ներգրավվում, հայրենադարձություն,
● գերակա ուղղություններում գերազանցության կենտրոնների ստեղծում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիրառական հետազոտությունների վրա,
● գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների պետական պատվերի ձևավորում, մասնավոր պատվերի խթանում,
● պետական համաֆինանսավորման մեխանիզմով` արտասահմանյան գիտական դրամաշնորհների ներգրավում և մասնավոր հատվածից պատվերների խրախուսում։
Մենք վերահաստատում ենք մեր պահանջը և դրա լիակատար իրականացմանը հասնելու հաստատակամությունը։ Այս պայքարի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության շուրջ ահռելի ինֆորմացիա, գիտելիք և ներուժ է կուտակվել, ինչով պատրաստ ենք կիսվել։ Բաց ենք համագործակցության համար` կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Մովսիսյան. Ունենք լավ գիտնականներ, չունենք գիտելիքահեն տնտեսություն
- «Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
- «Գիտուժ»-ի անդամներն իրենց մտահագություններն են ներկայացրել ՄԻՊ-ին
- «Գիտուժ»-ի անդամ. 2.7 մլրդ դրամ ֆինանսավորման մասին հայտարարությունը մեզ չի գոհացրել