Անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը․ Գորիսի մտավորականությունը հանրահավաքի կոչ է անում
Խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անթույլատրելի է մեր կառավարության նման անողնաշար պահվածքը։Այս մասին գրված է Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունում։ Միևնույն ժամանակ մտավորականները հանրահավաքի կոչ են անում։
«Պահանջո՛ւմ ենք՝ մինչև մայիսի 15֊ը, ժամը 17.00֊ը, կառավարությունը հստակ պատասխանի հետևյալ հարցին. արդյո՞ք կարողացել են թուրքերին պարտադրել հեռանալ ելման դիրքեր։
Հակառակ պարագայում՝ Գորիսի հանրությունը, իր անվտանգության խնդիրներից ելնելով, պարտավոր է նախաձեռնել պաշտպանական գործողություններ՝ վռնդելու համար թուրքերին իրենց զբաղեցրած դիրքերից։
Այս կապակցությամբ, մայիսի 15-ին, ժամը 17.00֊ին հրավիրում ենք հավաք Գորիսի «Կարմիր արձան» հուշակոթողի մոտ, որտեղ ամփոփված են իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մեր հերոս եղբայրների մարմինները։
Իրավիճակով իրապես մտահոգ, Հայաստանի հանրապետությունում գտնվող բոլոր մարդկանց, ովքեր պատրաստ են ստանձնել մեր ոտնահարված արժանապատվության պաշտպանությունը՝ խնդրում ենք ներկայանալ հավաքին։
Բանաստեղծ – Տիգրան Գրիգորյան
Արձակագիր – Վարդան Սարգսյան
Սյունիքի նկարիչների միության նախագահ – Ժիրայր Մարտիրոսյան
Հայագետ, բ.գ.թ., դոցենտ – Մհեր Քումունց
Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր – Արտուր Խոջաբաղյան
ԳՊՀ դասախոս, պատմաբան ֊ Գրիշա Հարությունյան
Տ․գ․թ․ դոցենտ ֊ Համլետ Հովսեփյան
հ․գ․ Եթե համակարծիք եք, խնդրում ենք նաև տարածել հայտարարությունը»,- ասվում է հայտարարությունում։