Իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը. Թաթոյան
«Ադրբեջանցի զինծառայողների ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում հանցավոր է, և դա կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները»,- այսօր Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Ըստ պաշտպանի, հերիք չէ, որ դեռ ոչ մի անգամ սահմանագծում և սահմանազատում չի եղել, մի բան էլ ադրբեջանցիները բացահայտ կեղծ քարտեզներ են բերել և ներկայացնում։ Դրանից բացի, Արման Թաթոյանի խոսքով, ադրբեջանցիների՝ Հայաստանի սահմաններից ներս ներկայությունը պետք է ընդգծել այն առումով, որ դա կոպտորեն խախտում է սահմանային բնակիչների իրավունքները՝ օրինակ, մարդկանց զրկում է արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից։
«Առաջին օրը ես ասել էի, որ նրանք զենքի ցուցադրումով սպառնում են հովիվներին, բացի այդ, բացահայտ է, որ նրանց ներկայությունը վտանգում է մարդկանց կյանքն ու անվտանհգությունը։ Ավելին, իրական վտանգի տակ է սահմանային բնակիչների համար ջրի հասանելիությունը։ Գիտեք, որ տարբեր բնակավայրեր սնուցվում են Սև լճի ջրից։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Գորիսին, այլ նաև Տեղ համայնքին, Խոզնավարին, Խնածախին, Սիսիանին...։ Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է անվտանգության գոտի լինի։ Ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը հենց այսպիսին է, և իմ կարծիքով, այստեղ պետք են վճռական քայլեր՝ թույլ չտալու այս խախտումերը»,- կարծիք հայտնեց նա։
Արման Թաթոյանի խոսքով, ադրբեջանցիներն արդեն բացահայտ ձևով մտնում է Հայաստանի Հանրապետության տարածք, թեև վիճելի տարածքներ հասնելով, արդեն պետք է հեռանային։
«Դուք պատկերացրեք, մենք ունենք քաղաքացիական բնակավայր, օրինակ՝ Կապանից Ճակատեն տանող, կամ Որոտան-Շուռնուխ հատվածը, ուստի՝ ՀՀ տարածքի հաշվին չի կարող անվտանգության գոտի ստեղծվել։ Մենք նոր տեղահանվածներ պետք է ունենա՞նք։ Բացառվում է։ Մենք ամեն բանի հիմքում պետք է ունենանք մարդուն։ Սահմանագծում ու սահմանազատում չի եղել, հետևաբար, մենք պետք է հիմքում դնենք մարդուն, քաղաքացուն, սահմանային բնակչին, և նրա իրավունքների շուրջ կառուցենք ամբողջը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված
- ՄԻՊ-ին վաղ առավոտից շարունակվել են ահազանգեր հասցեագրվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բնակիչներից
- Փաստացի արձանագրվեց` Ադրբեջանի ԶՈւ-ն կարողացել է ներթափանցել ոչ միայն Սյունիք, այլև՝ Գեղարքունիքի մարզ․ Գոհար Մելոյան
- Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակի 370 դեպք, 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության