Մատենադարանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին. Վահան Իշխանյան
Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․
«Մատենադարանի գիտաշխատողը աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին:
Հայտնի է արդեն, որ Հայաստանի հասարակության մի զգալի հատված անտարբեր է Արցախի և Սյունիքի բնակավայրերի կորստի նկատմամբ։ Անտարբերության ապացույցն այն է, որ կապիտուլյանտը կապիտուլիացիան ստորագրելուց հետո 6 ամիս դեռ իշխանության է, և կարող է էլի մնալ։
Սակայն մտքովս չէր անցնի, որ Հայաստանում կլինեն անձինք, ովքեր կարդարացնեն Ադրբեջանի երկվա ներխուժումը Սև լիճ՝ասելով. «30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ...» և ուրեմն «Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել»,֊ սա մեջբերում է հայ գիտնականից։
Պարզվում է՝ ոչ միայն կան, ոչ միայն նրանք լուրջ մտավորական շրջանակներ են, ոչ միայն իրենց ձախ են հռչակել, «ձախ» խմբավորումների անդամ են, այլև ունեն համախոհների լայն շրջանակ, արտասահմանյան մամուլում հարցազրույցներ են տալիս՝ մեղադրելով հայկական կողմին։
Ներքոդրյալ այդ անձի գրությանը փորձում էի պատասխանել՝ որ 100 տարի թուրքական տարբեր ազգեր հայերին բնաջնջում են, որ, հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունից փոխանցվեց Կովկասի թաթարներ կոչվող թուրքական ցեղին, որը սկսեց բնաջնջել հայերին Բաքվում, Շուշիում, Նախիջևանում։ Որ Արցախը այն կղզյակներից էր, որ փորձում էր դիմադրել այդ բնաջնջմանը, որ ինքնորոշվելու իր դիմադրությանը թուրք֊ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի, Կիրովաբադի ու Բաքվի արդեն երկրորդ ջարդերով ու պատերազմով՝ զենքով եկան, որ կոտորեն Արցախի բնակչությանը և պարտվեցին։
Արդարամիտ դիտորդը կընդունի, որ Արցախի պայքարը արդար է, եթե միայն նայի քարտեզին տեսնելու համար, թե երբեմնի հայերով բնակեցված ծովից ծով Հայաստանից մնացած ինչ չնչին տարածքի վրա են հայերը ծվարել թուրքական լայնարձակ պետությունների արանքում։ Եվ հայերին մեղադրելը, որ պաշտպանական գիծ էին գծել բուն Արցախի ու Հայաստանի տարածքից դուրս, մեղմ ասած անարդար է, իսկ ավելի ստույգ՝ փաստաբանություն է դահճին։
Ի պատասխան այն մեղադրանքի թե այլ պետության տարածք են հայերը մտել. հանուն արդարության եթե անհրաժեշտ է, նաև պետք է մտնես այլ պետության տարածք (ինչպես Կուբան արդարությունը պաշտպանելու համար զորք էր մտցրել Անգոլա)։
Ասեի՝ ի՞նչ ես խոսում՝ «Ղարաբաղյան կոնֆլիկտը՝ կենդանի թե մեռած, ունի մեկ իմաստ և նշանակություն՝ ծառայել փողի իշխանությանը», որտե՞ղ էր փողի իշխանությունը՝ Ղարաբաղի մելիքություններից սկսած մինչև 1988֊ի շարժման մեջ, 1990ականների ազատգրական մարտերում, ուր բազմաթիվ անձինք պատերազմ էին մեկնում իմանալով, որ կարող է զոհվեն, ո՞վ կարող էր այսպես վարկաբեկել 200տարուց ավել ձգվող Ղարաբաղի ազատագրական պայքարը. թու՞րքը։ պարզվում է նաև այն հաստատության գիտաշխատողը, որտեղ պահվող մատյանների մի ստվար մասը փրկվել է թուրքական բնաջնջումից, այս խոսքը Հայաստանի Մատենադրանի գիտաշխատողն է ասում։
Բայց ինչ փորձում էի գրել, այնքան հայտնի ճշմարտություն էր թվում, որ ի վերջո դադար առա, որոշեցի մեծ մեջբերում դնել նրանից (ամբողջի հղումը)։
Եվ մի բան, եթե հասկացել եք թե ինչու Հայաստանը պարտվեց և փնտրում եք ևս մի պատճառ, ապա խնդրեմ, ևս մեկը՝ որ Հայաստանի Մատենադրանում այսպիսի գիտաշխատողներ կան (հնարավո՞ր է պատկերեացնել Իսրայելի գիտական հաստատությունում գերմանական նացիզմի կողմնակից)։
Հեղինակ՝ Գայանե Այվազյանը Մաշտոցի անվան Մատենադրանի գիտաշխատող.
«30 տարի շարունակ այս պետությունը բռնազավթել էր և մտել մեկ ուրիշ պետության սահմաններ: Մենք, իհարկե, համարում ենք, որ Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերն էին իրենց տիրապետության տակ առել և պահում Ադրբեջանի յոթ շրջանները: 30 տարի շարունակ հայկական ինտերվենցիայի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ են դարձել փախստական, լքել իրենց տները, քաղաքներ ու գյուղեր են քանդվել, մշակութային և մարդկային կորուստներ եղել: Այս ամենը եղել է: Մենք հանգիստ ու հանդարտ ապրում էինք այս իրողության հետ:
Հասկանալի է՝ մենք չէինք անձամբ քշել այս մարդկանց իրենց տներից, մենք մարդ չենք սպանել անձամբ: Հասկանալի է՝ մենք վատ կրթություն ենք ստացել, մեզ ճիշտը չեն ասել, խաբել են: Հասկանալի է՝ մենք աղքատ ենք և զրկված ենք եղել հաղորդակցության միջոցներից, ճանապարհներից, շատ տեղ չենք գնացել, շատ բան չենք լսել: Բայց այս ամենը անվերջ չի կարող արդարացնել և սնել քաղաքական անմեղսունակությունն ու ազգայնական էգոիզմը: Այդպես չի լինում:
Ինչ-որ պահի պետք է կանգ առնել և չգոչել, չճչալ այդքան ցավագին, երբ ադրբեջանցիները մի կիլոմետր առաջ են եկել: Քանի՞ մարդ էր Հայաստանում ունեցել դիսկոմֆորտի զգացողություն Հայաստանի ռևանշիստական իշխանությունների զավթողական քաղաքականություններից»»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան