Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ
Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300-ից 400 մետր։
«Ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում։ Այդտեղ ո՛չ մենք էինք եղել, ո՛չ իրենք, ազատ գոտի էր այդ տարածքը, երեկ հասկացանք, որ իրենք իջել են մոտավոր հաշվարկով 300-ից 400 մետր։ Նրանք տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է»,- նշել է նա։
Գյուղապետը հայտնել է, որ ամբողջ գիշեր սահմանին հակառակորդի ծանր տեխնիկան է աշխատել։
«Լույսերը սփռել էին, երևում էր։ Ձյան հաստ շերտեր կան, թե դա են մաքրում, թե ճանապարհ են ուզում գցել, տեղյակ չեմ, բայց ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել»,– ասել է նա։
Գյուղապետի խոսքով՝ ադրբեջանցիները հենց այն հատվածում են հաստատվել, որի մի մասը տեղացիներն օգտագործում են որպես արոտավայր, իսկ մյուս հատվածում նրանց ոռոգման ջրերն են կուտակվում։
«Հիմա ոչ բոլորն են բարձրացել սար, անվտանգությունից ելնելով էլ, անասուններին արածացնում են Շորժայի տարածքում։ Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում էլ, որտեղ երեկ են առաջ եկել, ոռոգման բասեյիններ կան։ Ամեն դեպքում մեր Զինված ուժերը ամեն ինչի պատրաստ են, այնպես չի, որ նրանք ուզենան ինչ-որ բան անել, ու մենք նեղվենք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ Հայաստանի պետական սահմանը հատել էին երկու օր առաջ՝ խորանալով մոտ 500 մետր։
Նախօրեին, սպասվում էր, որ երկու կողմերի միջև պետք է բանակցություն կայանար։ Կայացել է, թե ոչ, պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել, իսկ գյուղապետը նույնպես տեղյակ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան