«Հրապարակ». Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեք նախագահների դաշինքով ընտրություններին մասնակցելու Լևոն Տեր-Պետրոսյանի կառուցողական առաջարկը թեև մերժվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, սակայն հենց նրանց շահերից է բխում, որ ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրապայքարին՝ դառնալով ընտրությունների այլընտրանք՝ իշխանության և նախկինների արանքում։
Մանավանդ, որ երրորդ ուժի տեղի հավակնորդները շատ են, և եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», անգամ Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը։
Մեր տեղեկություններով, ըստ անկախ սոցիոլոգիական գաղտնի հարցումների՝ Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։ Բայց այնպես չէ, որ դա մեխանիկորեն գումարվել է սևերի օգտին։ Հերթական հիասթափվածների բանակը, որպես կանոն, միանում է ընտրություններին չմասնակցողների բանակին։ Իսկ որքան ցածր լինի մասնակցության շեմը, այնքան կմեծանա իշխանությունների՝ հաղթելու հավանականությունը։ Իսկ չմասնակցելու մտադրություն ունեցողներն արդեն մոտ 60 տոկոս են կազմում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում