Ամեն պահ պետք է պատրաստ լինենք թշնամու կողմից հայաստանյան ջրային միջավայրի աղտոտման. Լևոն Ազիզյան
«Մենք ունենք մակերևութային ջրային ռեսուրսների պակաս, մասնավորապես, կապված Թուրքիայում ջրամբարաշինությամբ, Արաքս և Ախուրյան գետերի մակերևութային հոսքը բավական պակասել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում ունեն 50 տոկոսից պակաս ցուցանիշ, իսկ անցյալ տարի մոտավորապես 80 տոկոս լցվածություն ուներ։
Պատերազմից հետո հայաստանյան ջրային ռեսուրսների անվտանգության հետ կապված հարցին ի պատասխան, Լևոն Ազիզյանն ասաց, որ միակ խնդիրը բարձրաձայնել են և այդ հարցով արդեն կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի այդ հատվածի մոնիթորինգը հզորացվի. «Կապված է Քարվաճառի հատվածի հետ, որտեղից որ սկիզբ են առնում Սևան թափվող Մասրիկ գետը, Արծվանիստ գետը, ինչպես նաև Որոտան, Արփա գետերը և այդ հատվածում մոնիթորինգի սարքավորումներ ձեռք կբերվեն»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վտանգ տեսնում են թշնամու կողմից ջրային միջավայրի աղտոտման կամ թունավորման, Լ.Ազիզյանն ասաց․ «Այդ հատվածի ջրային աղտոտում եթե տեղի ունենա, նաև իրենց էլ վնաս կլինի, որովհետև դա ջրբաժանային հատված է և այդ հատվածից հոսքը մի կողմն ուղղվում է Հայաստան, մյուս կողմը՝ Ադրբեջան: Պետք է մենք պատրաստ լինենք ամեն պահի, դրա համար զարգացնում ենք մոնիտորինգի համակարգը: Բայց չեմ կարծում, որ նման քայլի կդիմեն, քանի որ իրենց էլ է վնաս լինելու դա»։
Նրա կարծիքով, երրորդ երկրի ներկայությամբ պետք է վերցվեն ջրի նմուշներ, անկախ երկրում լաբորատոր ուսումնասիրություն կատարվի՝ ցույց տալու վիճակը, որպեսզի որևէ փոփոխության դեպքում բարձրաձայնվի այդ հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Լուրջ սպառնալիքներ՝ Արցախի ջրային անվտանգության համար
- Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան
- Չեմ կարծում այս անգամ Ադրբեջանը բացառություն կանի․ մասնագետը՝ ջրային պաշարների հնարավոր թունավորման վտանգի մասին
- Գեղամ Նազարյան. Ջրային ճգնաժամը Ադրբեջանում և դրա հնարավոր հետևանքները