Մանախ. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում
Սյունիքում երեկ բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Panorama.am-ի հետ զրույցում Արթուր Այվազյանն ասաց, որ այսպես բարձրաձայնում է ապօրինիությունների մասին, որոնք կատարվում են իր նկատմամբ։
«Ապօրինություններ եմ նկատել, ինձ ապօրինի են պահում, ապօրինի են մեղադրանք առաջադրել։ Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում»,- ասաց նա։
Նա նշեց, որ այժմ ձերբակալված է, քրեական գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու համար։
«Սադրանք հրահրեցին, հետո էլ մեզ հրավիրեցին ոստիկանություն։ Քրեական գործ են հարուցել խուլիգանության համար, բայց կադրերից էլ երևում է, թե ով ինչ է անում։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ինձ կանգնեցնել։ Չի կարողանալու, եթե նույնիսկ այս պատերի միջից էլ դուրս չգամ, չեմ դադարեցնելու իմ պայքարը։ Իմ նախանշած ուղուց չեմ շեղվելու, իմ ստորաբաժանումը շարունակելու է Սյունիքը պաշտպանել, հասնելու եմ նրան, որ բոլոր սահմանամերձ գյուղերի ժողովուրդը զենք ստանա։ Մենք պետք է պաշտպանվենք»,- ասաց Արթուր Այվազյանը։
Նա հայտնեց, որ ձերբակալման որոշումը բողոքարվելու է։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ 2021թ. մայիսի 14-ին Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ի դեպ, նշենք, որ իսկ Հայաստանի Հանրապետության սահմանը հատած թշնամին ազատ ֆռֆռում է ՀՀ-ում։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն՝ Սյունիքում ձերբակալության մասին
- Սյունիքում երեկ տեղի ունեցած ակցիաներից հետո բերման է ենթարկվել 8 անձ