Գոհար Գորգիսյան. Մի քողի պատմություն
Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի դուստրը՝ Գոհար Գորգիսյանը, գրում է.
«7 ամյակիս օրը, չգիտեմ ինչ նախախնամությամբ, հայրս քող դրեց գլխիս, ու միասին փչեցինք տորթի մոմերը։
Դրան հաջորդող (արդեն մայրիկիս կազմակերպած) ծնունդներիս պիտի մի պահ տխրեի ու գիտակցեի, որ այդուհետ բոլոր տոներին իմ կյանքում պակասելու են այն ամուր ձեռքերը, որ պիտի հրավիրեին ինձ պարի։
Քողը խնամքով պահում էի հարսանիքիս կրելու ու հայրիկի ներկայությունը զգալու համար։
Ճերմակ, շքեղ հագուստիս կողքին խունացած քողը օրվա ամենաարժեքավոր մասնակիցն էր։
Քավորկինը զամբյուղից հանեց, իմացավ դրա պատմությունը, գրկեց մի պահ, հուզվեց, պտտեց գլխիս ու շատ անմիջական շշնջաց. «Երբ զավակ ունենաս, անունը Մովսես կդնես…»։
Հայրական տանից դուրս եկա ու Հայր Աստծո տաճարում գլխափակ կանգնեցի հայրիկի ճերմակ քողի ներքո։
Քավորկնոջ և երկնքի օրհնանքով որդիս Մովսես ծնվեց։ Իսկ փոքրիկ օրիորդիկս իր սունդուկում պահում է նույն այդ քողը՝ վաղը խորանի առաջ կանգնելու համար։
Հ.Գ. Ես որդիներիս համար խաղաղություն եմ ուզում, աղջկաս համար՝ հայրենիք։ Ուզում եմ հայ աղջկա ճերմակը էլ երբեք չկարմրի ու մազապուրծ բառի իմաստը չհասկանանք։ Երբեք չգիտեի, որ ապրածս դաժան տարիներին երանի եմ տալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում