Հարոլդ Քլարկսոն. Խաչատրյանի անվան մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտելու երիտասարդ երաժիշտների
Հունիսի 6-12-ը Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը՝ դիրիժորություն մասնագիտությամբ։ Մրցույթի ժյուրին ղեկավարելու է ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Մրցույթի կազմակերպիչներից Panorama.am-ը տեղակացավ, որ ժյուրիի կազմում ընդգրկված են մեծ ճանաչում ունեցող մասնագետներ. նրանց թվում է IMG Artist ընկերության փոխնախագահ Հարոլդ Քլարկսոնը։
Պարոն Քլարկսոնը բարձր է գնահատում խաչատրյանական մրցույթը։ Ըստ նրա՝ Խաչատրյանի անվան մրցույթը մեծ իրադարձություն է և հնարավորություն է տալիս բացահայտելու երիտասարդ երաժիշտների:
Խոսելով Արամ Խաչատրյանի արվեստի մասին՝ IMG Artist ընկերության փոխնախագահը նշում է, որ հայ կոմպոզիտորը կարևոր ներդրում ունի 20-րդ դարի երաժշտության մեջ. «Խաչատրյանի ոճը խորհրդանշական է և հստակ տանում է դեպի նրա հայկական արմատները: Քանի որ ես թավջութակահար եմ, հատկապես գնահատում եմ այն, որ նա թավջութակի երկացանկին ավելացրեց մի շարք կարևոր գործեր, դրանք ես սովորել եմ դեռ Վիեննայի երաժշտական ակադեմիայում ուսանելու տարիներին»:
Դիրիժորության մրցույթներ աշխարհում շատ չեն անցկացվում։ Հարոլդ Քլարկսոնն ասում է, որ դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ դիրիժորներին գնահատելը շատ ավելի դժվար է, քան գործիքային երաժիշտ-կատարողներին։
Ժյուրիի անդամը նշում է, որ մրցույթի մասնակիցներին գնահատելիս ուշադրություն է դարձնելու դիրիժորի հաղորդակցման հմտություններին, երաժիշտներին ճիշտ ուղղորդելու կարողությանը, հանդիսատեսի հետ կապին և ամենակարևորը՝ երաժշտության մեջ տվյալ դիրիժորի ասելիքին։
Ժյուրիի անդամը մրցույթի բոլոր մասնակիցներին խորհուրդ է տալիս նվագախմբի հետ աշխատելիս գնահատել նրանց, ովքեր նստած են բեմում, հստակ իմանալ՝ իրականում ինչ է պետք անել երաժիշտների հետ. «Նվագախմբին չափ տալիս չպետք է սահմանն անցնել, պետք է թույլ տալ երաժիշտներին ևս ելույթ ունենալ… Եղեք նրանց կողքին, երբ պետք եք, և լքեք նրանց, երբ ժամանակն է․ դա, թերևս ամենամեծ խնդիրն է»:
Անդրադառնալով մեր օրերում դիրիժորություն մասնագիտության զարգացման միտումներին՝ Հարոլդ Քլարկսոնը նշում է, որ մտահոգիչ է այն, որ այսօր շատ դիրիժորներ ղեկավարում են երաժշտական այլ կոլեկտիվներ՝ այդպիսով բավարար ժամանակ չհատկացնելով իրենց նվագախմբերի հետ` դրանք զարգացնելու համար. «Անհանգստացնում է նաև այն փաստը, որ շատերն այնքան են ճանապարհորդում մի երկրից մյուսը և մի նվագախմբից մյուսը՝ փորձելով նվագել նույն երկացանկը, որ չեն ավելացնում նոր գործեր։ Մտահոգիչ է նաև այն, որ երիտասարդ դիրիժորները չունեն բավարար ժամանակ է՜լ ավելի զարգացնելու իրենց հմտությունները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան