ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Արտակ Ապիտոնյան
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։
Արտակ Ապիտոնյանը նշել է,որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար և այդ համատեքստում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը:
«Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության»,-ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են