Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ արել է կողմերին՝ պայմանավորվել Հայաստանից ադրբեջանական ուժերի դուրսբերման շուրջ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Երևանին ու Բաքվին կոչ է արել համաձայնության գալ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ նախարարի և նրա հայ ու ադրբեջանցի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հեռախոսային բանակցությունների արդյունքներից հետո:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին լարվածության կապակցությամբ Ժան-Իվ Լե Դրիանը հիշեցրեց Ֆրանսիայի խոր անհանգստությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելուն նրա նվիրվածությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կողմերին կոչ է անում շարունակել քննարկումները՝ ապահովելու համար հայկական տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը»,- ասել են Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից: