ARARAT թանգարանը հրավիրում է բացահայտել Երևանի մի շարք թանգարաններ
Ավանդաբար միանալով «Թանգարանային օր/գիշեր» միջազգային նախաձեռնությանը, ARARAT թանգարանը այս տարի առավել համալրելով միջոցառման ձևաչափը հրավիրել էր բացահայտել Երևանյան մի շարք թանգարաններ։
ARARAT թանգարանից տեղեկացնում են՝ նման նախաձեռնությունը նպատակ ունի առավել բարձրացնել հետաքրքրությունը հայաստանյան թանգարանների նկատմամբ և բացահայտել մեր ինքնության և ժառանգության տարբեր եզրերը։
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին այցելություններ դեպի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Կոմիտասի թանգարան – ինստիտուտ՝ «Կոմիտասից Կոմիտաս» ցուցահանդես և Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան – ինստիտուտ՝ Հովհաննես Մարգարյանի ծննդյան 120-ամյակին նվիրված «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդես, որտեղ հնարավորություն ընձեռվեց հանդիպել թանգարանային նյութերի մատուցման տարբեր մոտեցումների՝ դասականից մինչև մտերմիկ զրույց։
«Այս տարվա ձևաչափի ընտրությունը պատահական չէր։ Նայելով թանգարաններին ոչ միայն որպես ժառանգությունը պահպանող, ուսումնասիրող և ներկայացնող հաստատություններ, մենք գտանք, որ անգամ հուզական ամենաբարդ իրավիճակներում թանգարաններն այն վայրերն են, որտեղ կարելի է գտնել սեփական ինքնության բանալին, արժևորել անցյալը, վերաիմաստավորել ներկան ու նայել ապագային, ի վերջո խորհել ու ոգեշնչվել։
Ուստի, լինելով Թանգարանային միջազգային խորհրդի անդամ, ARARAT թանգարանը նախաձեռնեց այս ձևաչափը «Թանգարանային օր/գիշեր» միջոցառման նախօրեին, որպես յուրօրինակ հիշեցում, թե որքան հետաքրքիր և բազմաբովանդակ կարող է լինել այդ օրը», - ասել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան անկեղծ զրույզի ձևաչափով կիսել իրենց տպավորությունները երևանյան ամենաոճային բարերից մեկում՝ Phoenix-ում, մեկ գավաթ ARARAT Coffee-ի շուրջ։