Լավրովը հայտարարում է՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու առիթ չկա
Ռուսաստանն առաջարկել է Ադրբեջանին և Հայաստանին աջակցություն՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով: Այս մասին այսօր, Tass-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է ադրբեջանա-հայկական սահմանին իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը, այս միջադեպից հետո, հայտարարություն արեց, տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը կլիներ դելիմիտացված ու դեմարկացված։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք սկսեն նման աշխատանքները: Մենք պատրաստ ենք նրանց օգնել այս հարցում`և՛ քարտեզագրական նյութեր տրամադրելով, և՛ խորհրդատվական ծառայություններով», - ասել է Լավրովը:
Լավրովն ասել է, թե հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու առիթ չկա:
«Ոչ մի կրակոց չի արձակվել, այնտեղ որևէ փոխհրաձգություն տեղի չի ունեցել: Մենք նստեցինք, հանգիստ սկսեցինք պայմանավորվել, թե ինչպես կարելի է մեղմել այս իրավիճակը, օգնություն խնդրեցին մեզանից: Մեր զինվորականներն այդպիսի օգնություն ցույց տվեցին, պայմանավորվածությունը ձեռք է բերվել: Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում այս բավականին ոչ սովորական, բայց ամեն դեպքում հանգիստ կարգավորվող հարցում կրքեր բորբոքելու համար»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինվորները ներխուժել են Հայաստանի պետական սահմանները և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել: Հայաստանը, Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի հատմանը կտրուկ էր արձագանքել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, հայտարարելով․ «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
- ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Արցախի հարցը
- Նիկոլ Փաշինյանն այսօր դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահին
- Մենենդես․ ԱՄՆ-ը և ամբողջ միջազգային հանրությունը պետք է խստորեն արձագանքեն, որ Ադրբեջանը հասկանա՝ լուրջ հետևանքներ կունենա
- ԱՄՆ պետդեպատամենտ. Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին
- Ֆրենք Փալոն․ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա