17.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ վերջին մեկ շաբաթում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ
Մայիսի 10-ին, Նախիջևանի Օրդուբադ քաղաքում իր ելույթի ժամանակ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ միջանցքը պետք է բացվի: Ըստ Ալիևի՝ չկա Հայաստանի երկաթուղի հասկացություն: Ռուսական երկաթուղիները տիրապետում են Հայաստանի բոլոր երկաթուղիներին, ուստի իրենք այդ հարցն ավելի շատ քննարկում են ռուսական կողմի հետ։
Իլհամ Ալիևը մայիսի 10-ին ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը (Aztv) տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր և հակամարտությունը լուծվել է: Անդրադառնալով հայկական քաղաքական շրջանակների կողմից Շուշին ու Հադրութը հետ վերադարձնելու մասին հայտարարություններին՝ Ալիևն ասել է, թե նրանք ցանկանում են կրակի հետ խաղալ, քանի որ իրենք դա թույլ չեն տա։ Ալիևը Փարիզին և Օտտավային խորհուրդ է տվել չմիջամտել Բաքվի գործերին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե իրենք պատրաստ են ձեռնարկել բոլոր քայլերը Ադրբեջանի հայ բնակչությանը երկրի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին ինտեգրելու համար: Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Լոնդոնը կգերադասեր Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել, այլ ոչ թե բացառապես ռուսական։ Դեսպանի խոսքով` ԼՂ-ի կարգավիճակի հարցը շարունակում է չլուծված մնալ։
Մայիսի 14-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է պաղեստինցիներին նույն տրամադրվածությամբ, որով աջակցում էր Ադրբեջանին Ղարաբաղում:
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Մայիսի 10-ին, Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևան և մասնակցել Նախիջևանի օդանավայակայանում նոր թռիչքուղու և Նախիջևանի առանձին համազորային բանակի ՌՕՈւ օդանավակայանի բացման արարողությանը։ Ալիևը մասնակցել է նաև Ջուլֆա-Օրդուբադ մայրուղու բացմանը և ծանոթացել Հայաստանի հետ սահմանին գտնվող Օրդուբադ երկաթուղային կայարանում կատարված աշխատանքներին:
Մայիսի 14-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի գրավյալ տարածքներում տեղակայված ՀՕՊ ուժերի ստորաբաժանումներից մեկը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե որ շրջանում է եղել Հասանովը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է նաև Արցախի գրավյալ տարածքներում գտնվող այլ զորամասեր։ Նոր զորամասերի դիտարկման ժամանակ նրան զեկուցել են, որ տարբեր ուղղություններում մինչ օրս 20 զորամաս է շահագործման հանձվել։
Եվրասիական հարցերով Պենտագոնի խոսնակ Անտոն Սեմերլոթը Վաշինգտոնից Բաքվին հատկացվող ռազմական օժանդակության մասին հարցին ի պատասխան նշել է, թե իրենք մանրակրկիտ ուսումնասիրում են Ադրբեջանին հատկացվող ցանկացած աջակցություն՝ համոզվելու, որ այն չի խանգարում կամ խոչընդոտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացին միտված ջանքերին ու չի ծառայի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներին:
Մայիսի 15-ին, Ադրբեջանի ռազմաօդային ուժերն ուսումնավարժանքային թռիչքներ են իրականացրել՝ կիրառելով թուրքական արտադրության Բայրաքթար անօդաչու սարքեր (Bayraktar TB2): Բացի Բայրաքթարներից զորավարժություններում ներգրավված են եղել նաև մարտական ինքնաթիռներ և տարատեսակ թռչող սարքեր: Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Բայրաքթարների թուրքական օպտիկական համակարգերն անցել են շահագործման։
Մայիսի 15-ին, Ադրբեջանի եւ Իրանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով մահացել է երկու ադրբեջանցի զինծառայող: Ադրբեջանի բանակը մայիսի 16-ից սկսել է մասշտաբային զորավարժություններ, որոնք տևելու են մինչև մայիսի 20-ը։
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժություններին մասնակցում են 15․000 զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային համակարգեր, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր ու համատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա ու տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 17-20-ը հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում, որին ներգրավվելու են տարբեր զորքերի ստորաբաժանումներ։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Շուշիում «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 12-ից 13-ը «Խարիբյուլբյուլ» խորագրով երաժշտական փառատոն է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալիևների ընտանիքը։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լուրեր է շրջանառության մեջ դրվել, որ փառատոնի փակմանը՝ մայիսի 13-ին, հնարավոր է՝ Շուշի այցելի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, քանի որ վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Ռամազանից հետո պատրաստվում է այցելել Շուշի։
Մայիսի 12-ին, Շուշիում Ալիևների ընտանիքի մասնակցությամբ նոր մզկիթի հիմնարկեքի արարողություն է տեղի ունեցել։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ մզկիթի տեղը պատահական չի ընտրվել․ այն գտնվում է քաղաքի վերին հատվածում ու պիտի գերիշխի քաղաքի նկատմամբ։ Ալիևների մասնակցությամբ Շուշիում հյուրանոց է բացվել, ադրբեջանցիներն այն անվանել են «Խարիբյուլբյուլ»: Հաղորդվում է, որ հյուրանոցն ընդհանուր առմամբ ունի 49 սենյակ:
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը լրագրողներին ասել է, թե աշխատանքներ են տարվում Ղարաբաղում «կանաչ» էներգետիկ գոտի ստեղծելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ ներկայումս Ղարաբաղում աշխատում են արեգակնային և հողմային էլեկտրակայաններ ստեղծելու ուղղությամբ:
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
Մայիսի 12-13-ը Աշխաբադում տեղի է ունեցել նավթի և գազի ներդրումների միջազգային ֆորումը, որին ներկա են գտնվել 42 երկրների շուրջ 500 պատվիրակներ: Համաժողովին մասնակցել է նաև Ադրբեջանի պատվիրակությունը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաևի և երկրի էկոնոմիկայի փոխնախարար Ռովշան Նաջաֆի գլխավորությամբ։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռ․Աբդուլլաևը հայտարարել է, թե SOCAR- ը կարող է Թուրքմենստանին տրամադրել «Հարավային գազային միջանցքի» և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հնարավորությունները` թուրքմենական էներգետիկ ռեսուրսների արտահանման նպատակով: Նշենք, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում ադրբեջանական գազը մատակարարվում է Թուրքիա, Բալկանյան երկրներ և Իտալիա:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպել է SOCAR-ի ղեկավար Ռ․Աբդուլլաևի հետ: Նրանք քննարկել են ինչպես նավթագազային արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացումը, այնպես էլ Դոստլուգի հանքավայրում համատեղ գործունեությունը:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համաձայնագիր է ստորագրել «Ռոսնեֆտ»-ի նավթամթերքը Ուկրաինա, Լեհաստան, Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպայի այլ երկրներ արտահանելու իրավունքի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը Ուկրաինայի համար նավթի միակ մատակարարն է եղել։
Շաբաթվա ընթացքում «Ադրբեջան» անունը կրող լաստանավը, որը կառուցվել է Բաքվի նավաշինական գործարանում, ժամանել է Թուրքմենբաշի միջազգային ծովային նավահանգիստ: Ըստ Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության՝ 5,54 հազար տոննա բեռ կրելու հնարավորությամբ 154 մետրանոց լաստանավը ժամանակակից սարքավորումներ է մատակարարել: Թուրքմենական լրատվամիջոցները կարևորել են Ադրբեջանի ու Թուրքմենսատանի միջև ծովային հաղորդակցության զարգացումը։
Գերիների վերադարձի խնդրի մասին
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվին կոչ է արել աջակցել ՄԻԵԴ-ին՝ քննելու հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե հայ ռազմագերիների թեման փակված է համարում։
Իսկ Ջեյհուն Բայրամովը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե իր երկիրը կատարել է ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելու հարցով իր պարտավորվածությունները: Լավրովը Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հայկական կողմը կփոխանցի ականապատված տարածքների քարտեզը։
Հայաստանի տարածք ներխուժելու մասին
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչեւ 3,5 կիլոմետր՝ նպատակ ունենալով գրավել Մեծ Իշխանասար կարևոր բարձունքը (3500 մետր):
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ մայիսի 13-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն դարձյալ փորձել է առաջխաղացում գրանցել Սիսիանի և Վարդենիսի ուղղությամբ «սահմանները ճշտելու» պատճառաբանությամբ: Ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու հետ մեկտեղ հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ 300-400 մետր առաջ են եկել։ Իսկ որոշ մանսագետների տեղորոշմամբ՝ ադրբեջանական կողմը ՀՀ տարածքում ուղիղ գծով առաջացել է շուրջ 2 կմ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե այս Երևանի արձագանքը «հայ-ադրբեջանական սահմանները համաձայնացնելու» գործընթացների վերաբերյալ «ադեկվատ չէ» և Հայաստանի տարածք ներխուժելն անվանել է «սահմանագծի հստակեցում»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից ՀՀ տարածք ներխուժմանն ու դատապարտել տեղի ունեցածը: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության խախտումը:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից ագրեսիայի անօրինական դրսևորում է։ Նա կոչ է արել Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը։
ՀԱՊԿ-ը մայիսի 13-ին հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը և անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկի։
Մայիսի 13-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել՝ նշելով. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:
Ֆրանսիայի նախագահականը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ընդգծվում է Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը, ապա նշվում, որ Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին։
Հերթական ճեպազրույցի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել է, թե ԱՄՆ-ի իշխանությունները Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են համարում՝ պահանջելով դուրս բերել զորքերը։ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, թե իրենք հետևում են հայ-ադրբեջանական սահմանի ոչ սահմանազատված հատվածում լարվածության աճի մասին զեկույցներին և հակամարտության կողմերին զսպվածության կոչ են անում։
Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն Twitter-ի իր էջում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին:
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Իրանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը մասնակից լինել։
Մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է, որ պետական սահմանապահ ծառայության ղեկավարությանն ուղարկել են հայկական կողմի հետ բանակցություններ վարելու համար։
Մայիսի 15-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր տաջիկ գործընկերոջ՝ Սիրոջիդդին Մուհրիդինի հետ զրույցում հայտարարել է, թե Բաքուն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումը անհիմն է համարում, դա ՀՀ իշխանությունների կողմից այդ հարցի քաղաքականացման փորձ է:
Այլ թեմաներ
ԱՄՆ պետքարտուղարությունը Կրոնական ազատության մասին տարեկան զեկույցի Ադրբեջանի բաժնում անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին։ Զեկույցում ասվում է, որ հակամարտության ընթացքում Human Rights Watch-ը հաղորդել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից երկու առանձին հարձակումների մասին։ Զեկույցում ներկայացված է նաև Շուշիի Կանաչ Ժամի նկատմամբ իրականացված վանդալիզմը։ Անդրադարձ կա նաև Մեխակավանի եկեղեցու ոչնչացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- 16.05.2021. «Հենակետ». Արցախյան մեկ շաբաթը
- 15.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
- 10.05.2021. «Հենակետ». Ադրբեջանական մեկ շաբաթը
- 09.05.2021. «Հենակետը»՝ Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ
- 03.05.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ մեկ շաբաթում
- 01.05.2021. «Հենակետ». Անվտանգության հարցերը՝ մեկ շաբաթում
- 26.04.2021. «Ադրբեջանական շաբաթը»՝ ըստ «Հենակետի»
- 24.04.2021. Անցնող շաբաթվա անվտանգության քրոնիկոնը՝ ըստ «Հենակետի»
- 19.04.2021. «Հենակետ». Ադրբեջանից հայտնել են՝ Ղարաբաղի գետերի վրա 13 ավտոմատ հիդրոէլեկտրակայաններ կտեղադրվեն
- 17.04.2021. «Հենակետ». Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները մամուլում և սոցցանցերում
- 12.04.2021. «Հենակետ». Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունները՝ մեկ շաբաթում
- 10.04.2021. «Հենակետ». Անվտանգության ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել
- 05.04.2021. «Հենակետ»-ն ամփոփել է ադրբեջանական շաբաթը
- Արցախյան մեկ շաբաթը. «Հենակետ»
- Անցնող շաբաթը՝ անվտանգության տեսնակյունից. «Հենակետի» վերլուծականը
- «Հենակետ». Ամփոփ՝ Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
- «Հենակետ». Անվտանգության մասին լուրերը՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում
- «Հենակետ». Ադրբեջանական մեկ շաբաթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան