Դատարանը մերժել է Մանախին կալանավորելու քննիչի միջնորդությունը
Սյունիքում մայիսի 14-ին բողոքի ակցիայից հետո ձերբակալված Արթուր Այվազյանը` Մանախը, երեկ ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:
«Դատարանն ընդունեց պաշտպանական կողմի փաստարկներն ու ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը մերժեց»,- Panorama.am-ին ասաց Ա. Այվազյանի պաշտպան Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ուրախ է՝ այս պահին էլ դատարանը զերծ մնաց քաղաքականությունից, որովհետև, իր խորին համոզմամբ, Արթուր Այվազյանին կալանավորելու քաղաքական պատվեր կար:
«Ստացվում է մարդիկ, որոնք գնում են սահմանը, գյուղերը պաշտպանելու և այս մասին կոչերով հանդես են գալիս, որ իրենց զենք տրամադրեն, իրենք համարվում են հանցագործներ: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամ ճանապարհներ էր փակում, կաթվածահար էլ արել ողջ Հայաստանը, հանցագործություն չէր դիտվում: Երկակի ստանդարտներն ակնհայտ են»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2021թ. մայիսի 14-ին Գորիսի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ բնակավայրի բենզալցակայանի դիմացի ճանապարհահատվածում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով համայնքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, իսկ նրա կողմնակից մյուս 7 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Մանախ. Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում
- ՔԿ-ն՝ Սյունիքում ձերբակալության մասին
- Սյունիքում երեկ տեղի ունեցած ակցիաներից հետո բերման է ենթարկվել 8 անձ