Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը
Պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել արդեն», - ասել է Լավրովը։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 200-ի՝ այդ թվում 58 երեխա
- Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին իսրայելական ավիահարվածների կապակցությամբ
- Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել Պաղեստինում
- Պաղեստինցիներն իրենք են շտապում թույլ չտալ Էրդողանին՝ «կրակից շագանակներ հանել»․ Արմեն Պետրոսյան