Կիևն առաջարկել է Դոնբասի շուրջ ընթացող բանակցային սեղանից հեռացնել Դոնեցկին և Լուգանսկին
Կիևն առաջարկել է Դոնեցկին ու Լուգանսկին դուրս հանել Դոնբասի խնդրի կարգավորման բանակցություններից: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Նատալյա Միխայլովայի խոսքերը ներկայացրել է այդ հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով, դրանով ուկրաինական կողմը սաբոտաժի է ենթարկել «ճանապարհային քարտեզի» նախագծի քննարկումները:
«Ի դեմս ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի Դաշնության՝ միջնորդները փորձել են Ուկրաինային վերադարձնել կառուցողական ուղի, բայց բանակցային գործընթացն արգելափակելու հրահանգը կատարելու հարցում մեր հակառակորդների համառությունն արժանի է հատուկ «գովասանքի»»,- ասված է հայտարարության մեջ:
Միխայլովան կարծում է, որ Կիևը «անընդհատ արդարացում է փնտրում «ճանապարհային քարտեզի» նախագծի քննարկումից խուսափելու համար: Նա նշել է, որ ինքնահռչակ հանրապետությունները Դոնբասում կարգավորման ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկներն ուղարկել են յոթ ամիս առաջ, բայց դրա պատասխանը չեն ստացել: