Մահմեդականները դժգոհ են իսրայելա-պաղեստինյան նոր հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումից
Էիդ ալ-Ֆիթրը աշխարհի մահմեդականները սովորաբար տոնում են մեծ խանդավառությամբ: Սակայն այս տարի այն նոր երանգ է ստացել: Ու պատճառը համավարակը չէ: Պատճառը Իսրայելի ու պաղեստինցիների միջև սկսված բռնություններն են: Ամերիկայի մահմեդական կազմակերպություններն այս տարի հրաժարվել են այս տոնի կապակցությամբ Սպիտակ տանն անցկացվող ամենամյա միջոցառմանը մասնակցելուց: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ինչպես Ամերիկա-մահմեդական հարաբերությունների խորհուրդ անվանումը կրող կազմակերպության պաշտոնայներից Ռոբերտ Մաքքոուն է ասում, այս կազմակերպությունը միացել է Ամերիկայի մահմեդական մյուս այն կազմակերպություններին, որոնք բոյկոտել են առցանց միջոցառումը:
Պատճառն այն է, որ նրանք դժգոհ են Գազայի գոտում և արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների իրավունքների դեմ Իսրայելի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ Բայդենի վարչակազմի կողմից, իրենց խոսքերով ասած, «հուսախաբ անող վերաբերմունքի» համար:
Ռամադանի ամսվա վերջն ազդարարող Էիդը Սպիտակ տանը նշում են Բիլ Քլինթոնի կառավարման տարիներից: Այս տարի Ջո Բայդենը որոշել էր այն անցկացնել առցանց:
Չնայած Բայդենը հայտարարում է, որ իր կառավարությունը շարունակելու է Իսրայելին ու պաղեստինցիներին միմյանց մոտ բերելու ջանքերը, հազարավոր մահմեդականներ էին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում մասնակցում բողոքի ցույցերի: Վաշինգտոնում, Նյու Յորքում ու Բոստոնում անցկացված ցույցերի մասնակիցները պահանջում են, որ Բայդենի վարչակազմն ավելին անի Իսրայելի կողմից պաղեստինցիների նկատմամբ մարդու իրավունքները ոտնահարելու քաղաքականությունը դադարեցնելու ուղղությամբ:
Փորձելով ապացուցել, որ Իսրայելը պաղեստինյան հատվածներն է ռմբակոծում որպես ինքնապաշտպանական քայլ, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ասել է, թե հակամարտությունը սկսվել է Համասի կողմից:
«Առաջին անգամը չէ, որ Համասը խառը կրակ է արձակում ընդդեմ Իսրայելի քաղաքացիական թիրախների»,- ասել է նա:
Շաբաթավերջին Ջո Բայդենը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինյան իշխանությունների ղեկավար Մահմուդ Աբասի հետ: Վարչակազմը նաև դեսպանորդ է ուղարկել տարածաշրջան:
Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, մինչև վերջին բռնությունները սկսվելը, Բայդենը մեծ ջանք չի ներդրել փակուղի մտած բանակցությունները վերակենդանացնելու հարցում: Եվ այժմ նա կանգնած է ավելին անելու ճնշումների տակ: Ճնշումը նկատվում է ոչ միայն Ամերիկայի մահմեդական կազմակերպությունների, այլ նաև երկրի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մեծաթիվ կոնգրեսականների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի