Սևադա Ղուկասյան. «Խուզարկության արդյունքում մեր տանը «Իսկանդեր» գտան»
Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ, ԱԺ շենքի դիմաց էշով ակցիա իրականացրած Սևադա Ղուկասյանի տունը երեկ խուզարկելու արդյունքում ոստիկանները հայտնաբերել ու իրենց հետ տարել են խանութից գնած կանեփի բոված սերմեր։
Հիշեցնենք, որ խուզարկությանը նախորդել էր Panorama.am-ի հրապարակումը, որում Սևանդան հայտարարել էր՝ էշն իր առաքելությունը չի ավարտել։ Ինչպես հայտարարել էր տավուշցի տղամարդը, Նիկոլ Փաշինյանին որպես դավաճան մտադիր է թարս նստացնել էշին ու ման ածել մարդկանց միջով։
«Մեր տանն «Իսկանդեր» գտան, շարժիչը վնասվել էր, տեղափոխել չէի կարողացել։ Մնացածը հասցրել էի թաքցնել, մի քանի պարկ կոկաին կար։ Ուզում են՝ խաղանք, կխաղանք»,-Panorama.am-ի հետ այսօրվա զրույցում ներկայացնելով խուզարկության արդյունքները՝ կատակում է Սևադա Ղուկասյանը։
Նրա խոսքով, ոստիկանները եղել են խիստ քաղաքավարի, փնտրել են թմրանյութ կամ այն պատրաստելու պարագաներ, չեն գտել։
Փաստաբան Աննա Մանթաշյանը, ով իրավական աջակցություն է ցուցաբերում Սևադա Ղուկասյանին, Panorama.am-ի հետ զրույցում վերջինիս դեմ իրականացվող քայլերն ապօրինի է որակում։
«Ապօրինի այդ գործողությունները խոսում են այս իշխանությունների խղճուկ ու ճղճիմ լինելու մասին։ Քրեական գործի մասին դեռ խոսել չեմ ուզում։ Խուզարկության արդյունքում հայտնաբերել են բոված կանեփ, որն օգտագործվում է խմորեղենի մեջ։ Անհանգստանալու որևէ բան չկա»,-ասում է Մանթաշյանը։
Նա համոզված է, որ այդ գործողություններով իշխանությունը ցանկանում է վախեցնել այն մարդկանց, որոնք կփորձեն ըմբոստանալ նրանց դեմ։
«Սա մարդկանց վախեցնելու ձև է, որպեսզի լռեցնեն մարդկանց ու շարունակեն իրենց ապիկար գործունեությունը։ Ես այսպես եմ գնահատում իրենց գործողությունները։ Սա ասում եմ՝ որպես ոչ իրավաբան»,-նշում է Մանթաշյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները խուզարկում են էշով Նիկոլ Փաշինյանի հետևից Երևան եկած Սևադա Ղուկասյանի տունը
- Սևադա Ղուկասյան. Իմ էշն իր առաքելությունը դեռ չի ավարտել
- Էշով ԱԺ մոտ գնացած իջևանցին ազատ է արձակվել
- Էշով ԱԺ մոտ եկած քաղաքացուն 4-5 ոստիկաններ ուժով մեքենա նստացրեցին ու տարան
- Իջևանցին էշով եկել է իրենց «շաշին» տուն տանի