Բժիշկները հորդորել են չեղարկել Տոկիոյի օլիմպիական խաղերը
Տոկիոյում աշխատող շուրջ 6000 բժիշկներից կազմված միավորումը կարծում է, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել այս ամռանը նախատեսված օլիմպիական խաղերը, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:
«Այս միջոցառման չեղարկումը Ճիշտ որոշում կլինի, քանի որ այն կարող է նպաստել հիվանդացության ու մահացության աճին»,- ասված է բժիշկների խմբի հայտարարության մեջ:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ բժիշկները նշել են, որ ներկայումս նրանք պայքարում են COVID-19 կորոնավիրուսային համաճարակի «չորրորդ ալիքի դեմ», որը, նրանց կարծիքով, մինչ այժմ եղածներից ամենահզորն է:
Ասոցիացիան կոչ է անում Տոկիոյի խաղերի կազմակերպիչներին խորհրդակցել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հետ՝ Օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու համար:
Անցյալ շաբաթ մեկ այլ բժշկական կազմակերպություն, որը միավորում է ճապոնական հիվանդանոցներում աշխատող բժիշկներին, հայտարարել է, որ «անհնար է» անվտանգ խաղեր անցկացնել։
Մայիսի սկզբին ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Քոութսը հայտարարել էր, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն անվտանգ միջավայրում` շնորհիվ «Օլիմպիական փուչիկի», որը կազմակերպիչները պատրաստել են մարզիկներին և ճապոնացիներին պաշտպանելու համար:
Ենթադրվում էր, որ Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը պետք է անցկացվեին 2020-ի ամռանը, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով դրանք ստիպված հետաձգվել են այս տարի: Արդյունքում, օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, պարալիմպիկ խաղերը՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: