Արմավիրցիները չեն կարողանում ջրել իրենց դաշտերն ու այգիները
Արմավիրի մարզի գյուղերի բնակիչները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը: Նրանք բողոքում են, որովհետև գյուղերում 7-10 օր է ոռոգման ջուր չկա, չեն կարողանում ջրել իրենց դաշտերն ու այգիները։ Ըստ ակցիայի մասնակիցների, պատասխանատուները չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն՝ ինչքան հեկտար հող կա, ինչքան ջրի պահանջարկ կա:
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի կառավարության որոշումով մինչև 170 միլիոն խմ ջուր է բաց թողնվում Սևանա լճից:
«Մինչև այդ եղանակային պայմաններն այդպիսին էին, որ անձրևների, ձնհալի արդյունքում գետերում ջուր ունեինք: Անձրևներ չլինելու և ձնհալի ավարտի պատճառով գետերի ջուրն արագորեն նվազեց, սկսեցինք խնդիր ունենալ: Երևի այդ խնդիրը որոշ տարածքներում դիտարկվել է 1-2 օր, հիմա Մարմարիկի ջրամբարը բացել ենք, դոտացիա տալիս ենք այս համակարգին, որ ժողովրդի կարիքները հոգանք, մինչև կառավարության որոշումը կլինի և Սևանա լճից ջուրը կհասնի ժողովրդին»,- ասաց նա:
Կարեն Դաղբաշյանի խոսքով, ջուրը հիմա կա, լրիվ պահանջով ունեն:
«Լրիվ պահանջով չունենք»,- արձագանքեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալն ասաց, որ ջրելու կուլտուրա կա, հերթականություն կա, եթե պահեն դա, ջրի խնդիրն այդքան էլ չի լինի:
«Այս տարածքում միշտ էլ եղել է ոռոգման խնդիր՝ պայմանավորված հողերի կառուցվածքի հետ»,- նշեց Կարեն Դաղբաշյանը:
Արմավիրցիներից մեկի խոսքով, խաղող ունեն մինչև հիմա ջրած չի:
«Ամեն տարի էլ գալիս, ասում են՝ լուծվում է խնդիրը: Խնդիրը չի լուծվում, բույսն էլ ինչպես որ պետք է աճի, չի աճում, ֆինանսական խնդիրներ ենք ունենում: Մարդիկ պետք է 20-25 օր առաջ սածիլ անեին, չեն արել, ցորենները երկու ջուր ջրված լինեին, ջրված չի, այգիներ կան ընդհանրապես չեն ջրվել, առվույտն էլ մի ջուր են ջրում, որ պետք է երկու ջուր ջրեն: Դրա պատճառն այն է, որ ջուրը չեն կարողանում ժամանակին հասցնել տեղ»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Տեսանյութը՝ Tert.am-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի