«Հրապարակ». ՀԱԿ-ում արդեն ցուցակն են քննարկում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա:
Անկասկած է, որ վարչությունը դրական որոշում կկայացնի, ավելին, տևական ժամանակ է՝ ընտրացուցակի շուրջ բանակցություններ են ընթանում տարբեր մարդկանց հետ։ Կոնգրեսից վստահեցնում են, որ ինչպես նորընտիր վարչությունում, այնպես էլ ցուցակում սերնդափոխությունն աներկբա է։ Իհարկե, հին գվարդիան՝ ի դեմս Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, ևս ներկայացված կլինի, սակայն առաջին տասնյակում կտեղավորեն միջին և երիտասարդ սերնդին։ Կանանց քվոտան լրացնելու համար քննարկվում են iLur-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի, վարչության նոր անդամ Տաթև Զորյանի անունները։ Գուցե ցուցակում լինի նաև Տեր-Պետրոսյանի հավատարիմ խոսնակ Արման Մուսինյանի անունը։
Բանակցում են «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Շահվերդյանի հետ, ում հայրը՝ Վահե Շահվերդյանը, Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկերն է։ Մեր հարցից Սուրենն անակնկալի եկավ, փորձեց ճշտել, թե որտեղից մեզ ինֆորմացիան, ապա որոշեց ընդհատել զրույցը, ինչ-որ ճշտումներ անել, նոր հետ զանգել։ Եվ փոխանցեց հետևյալը․ «Ես Ձեզնից առաջին անգամ եմ նման բան լսում»։ Մենք, առհասարակ, առաջին անգամ ենք զրուցում, իսկ ընդհանրապես՝ կա՞ն բանակցություններ։ «Ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է նման բան ասել Ձեզ։ Երբ նման բանակցություններ լինեն, ես կխոսեմ»։
Շահվերդյանն ասաց՝ դեմ չէ քաղաքականություն մտնելուն, իսկ ՀԱԿ-ի գաղափարները կիսում է. «Այդ հարցին չեմ կարող քոմենթ տալ»։ Ի դեպ, կիրակի օրը ՀԱԿ համագումարին ներկա է եղել նաև Փաշինյանի կառավարության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ով Գոգյանի հետ հայտնի սկանդալներից հետո պաշտոնանկ արվեց։ Թամրազյանը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի մտերիմներից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի