Ադրբեջանի գործողությունները վկայում են, ցեղասպան գաղափարախոսությունը սոսկ անցյալի պատմական երևույթ չէ․ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան
Մայիսի 17-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստ՝ նվիրված պաշտպանելու պատասխանատվության, ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման թեմային, որին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է ատելության խոսքի, այդ թվում՝ անցյալում տեղի ունեցած ոճրագործությունների ժխտման, արդարացման և փառաբանման հակազդման, ինչպես նաև ռասիզմի և խտրականության դեմ պայքարի կարևորությունը։
Նշվել է, որ Հայաստանը, որի ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանության արհավիրքները, շարունակելու է բարձրաձայնել ոճրագործություններին հանգեցնող իրավիճակները կանխարգելելու հրամայականը։
Կանխարգելման օրակարգում ՀՀ կողմից իրականացվող ջանքերի համատեքստում, մասնավորապես, հիշատակվել է դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելը։
Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի շարունակական ոտնահարումները, ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու պարտավորությունից հրաժարվելը, իրականացվող սադրանքները, այդ թվում՝ ՀՀ տարածք ներխուժումները և հակահայկական ատելության արշավը վկայում են, որ ցեղասպան գաղափարախոսությունը սոսկ անցյալի պատմական երևույթ չէ և պետք է ստանա համապատասխան արձագանք՝ ապագա ոճրագործությունները կանխարգելելու նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի