Այսօր էլ Հայաստանը դասեր չի քաղել և մոտենում է ողբերգական հաջորդ կետին. Տիգրան Աբրահամյան
«Մեզ համար ամենամեծ խնդիրն այն է, որ Սյունիքում սահմանը եղել է չպաշտպանված, և հնարավորություն է ստեղծվել ադրբեջանցիների համար՝ անարգել մտնել մեր տարածք։ Այսինքն՝ մեր առաջին խնդիրը ռազմաքաղաքկան իշխանության վարքագիծն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, իշխանությունների հանցավոր անգործությունն է ստիպել, որ Հայաստանը դիմի Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, կամ եվրոպական մի շարք երկրների։
«Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ, շարունակվում է փոխկապակցվածության մեջ մնալ Սյունիքի հարավային հատվածների և Արցախի հետ։ Այսինքն՝ այն ագրեսիան, որ այստեղ դրսևորվում է, և այն բանակցութունները, որ այսօր ընթանում են դրա շուրջ, իրենց բոլոր կոմպոնենտներով կապված են Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և Սյունիքի հետ»,- նշեց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի, Ադրբեջանն այժմ մի քանի խնդիր է լուծում իր համար. նախ ընդհանուր գործընթացում ստեղծել ճնշման նոր մեխանիզմներ, նոր լծակներ, օգտագործել Հայաստանի ներկայիս իշխանությունների պահվածքը, անգործությունը և հասնել իր համար առավելագույն արդյունքի։
«Եվ պետք է հասկանալ՝ այն, ինչ տեսնում ենք՝ մեզ համար շատ կարևոր է հայրենիքի գոյության տեսանկյունից, իսկ այս իշխանության համար այդ գաղափարն ընդհանրապես գոյություն չունի։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի տարածքները, որ այդ հատվածներում մարտական դիրքեր չեն եղել, այդտեղ մարտեր չեն վարվել, քանի որ զինծառայողներ չկան»,- նկատեց նա։
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, հանցագործության մասին հաղորդում է այն, որ հետպատերազմյան շրջանում՝ պատերազմից 6-7 ամիս անց հայտարարվում է, թե սահմանի մի մեծ հատված եղել է անպաշտպան։
«Մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո կորցրինք Արցախի 75 տոկոսը, 5000-ին մոտ մեր հայրենակիցներ զոհվեցին, և այսօր էլ Հայաստանը դասեր չի քաղել, և մոտենում է ողբերգական հաջորդ կետին։ Այն մարդիկ, որոնք վերջին 6-7 ամիսներին եղել են Սյունիքում, և տեսել են, թե մայրուղու որ հատվածում են դիրքավորված ադրբեջանցիները, նրանք իրավիճակը շատ ավելի լավ են հասկանում։ Ցավոք, մեր հասարակության մի մեծ հատված չի գիտակցում, թե ինչ ողբերգական կետի ենք մենք հասել։ Սա մեզ համար զուտ հայրենիքի խնդիր չէ, այստեղ ռեգիոնալ խնդիր էլ կա՝ Իրան, Ադրբեջան...»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս պաշտոնական հաղորդագրությունը հաղորդում է հանցագործության մասին
- Պետք է արագ գործել, հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան