ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը մտահոգված է Ղազանչեցոց տաճարի վիճակով
USCIRF (ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը) մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի «Կրոնական հավատքի ազատության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները չեն անդրադառնում գործող օրենքի այն հարցերին, որոնք USCIRF-ի հանձնակատարները բարձրացրել էին երկրի առաջ նախորդ տարի, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով։
«USCIRF-ն անհանգստացած է աղոթատեղիների և այլ կրոնական վայրերի ամբողջականության պահպանման վերաբերյալ զեկույցներով, ինչպիսիք են Շուշիի Հայ Առաքելական Ղազանչեցոց տաճարը, որի գմբեթները, կարծես, հանվել են՝ «վերականգնման» մասին լուրերի ֆոնին` առանց այս եկեղեցու հետևոդների ներդրման։
Թեև տաճարը, անշուշտ, վերականգնման կարիք ունի անցած աշնանը ադրբեջանական գնդակոծության արդյունքում կրած վնասի հետևանքով, անհրաժեշտ է, որ այն և մյուս վայրերը պատշաճ վերականգնվեն և պահպանվեն», - ասում է USCIRF-ի հանձնակատար Նադին Մաենցան:
Իր 2021 տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանը ներառի իր հատուկ դիտորդական ցուցակում`կրոնական ազատության խիստ խախտումներ կատարելու կամ հանդուրժելու համար: Մարտին USCIRF-ը թողարկեց Ադրբեջանի վերաբերյալ երկրի մասին տեղեկությունները, որոնք նկարագրում էին կրոնի վերաբերյալ խնդրահարույց օրենսդրությունը, կրոնական ակտիվիստների շարունակական ազատազրկումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված հակամարտության համատեքստում կատարված վերջին խախտումները:
«Կրոնական հավատքի ազատության մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված նշվում է, որ դրանք նախատեսում են նաև լրացուցիչ սահմանափակումներ կրոնական համայնքների նկատմամբ:
«Մենք հիասթափված ենք՝ տեսնելով, որ Ադրբեջանը նոր սահմանափակումներ է մտցնում, որոնք կծառայեն միայն կրոնի կամ դավանանքի ազատության ազատ իրականացման տարածքի հետագա սահմանափակմանը: Մենք հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը վերանայել այս փոփոխությունները՝ հաշվի առնելով մարդու իրավունքների նկատմամբ ստանձնած պարտավորությունները», - ասել է USCIRF-ի նախագահ Անուրիմա Բհարգավան:
USCIRF-ը խրախուսում է Ադրբեջանին՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից խնդրել՝ վերանայել իր առաջարկած փոփոխությունները:
Փոփոխությունները կներկայացնեն նոր, բյուրոկրատական սահմանափակումներ, ներառյալ կրոնական առաջնորդների սահմանափակումները և կրոնական համայնքների գործունեությունը՝ կրոնական առաջնորդի բացակայության պայմաններում:
Փոփոխությունները նաև պահանջում են, որ կրոնական համայնքները ստեղծեն «կրոնական կենտրոն» `որոշակի գործառույթներ կատարելու համար: Միևնույն ժամանակ, փոփոխությունները չեն փոխի գործող, արդեն իսկ սահմանափակող դրույթները, որոնք պահանջում են պաշտոնական գրանցում, սահմանափակում են գրանցումը այն համայնքներում, որոնք ունեն առնվազն 50 անդամ, պարտադրում են պետության կողմից հաստատել բոլոր կրոնական գրականությունները և արգելում են օտարերկրյա քաղաքացիներին կրոնական արարողություններ անցկացնել:
Հաղորդվում է, որ այս ամսվա սկզբին Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է փոփոխությունները և դրանք ուղարկել նախագահ Իլհամ Ալիևին` ստորագրության համար:
Նշենք, որ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) անկախ, երկկուսակցական դաշնային կառավարման մարմին է, որը ստեղծվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ արտերկրում կրոնական ազատությունների դիտարկման, վերլուծության և զեկույցների պատրաստման համար: USCIRF-ը արտաքին քաղաքական առաջարկություններ է ներկայացնում Նախագահին, պետքարտուղարին և Կոնգրեսին, որոնք նպատակ ունեն կանխել կրոնական հետապնդումները և խթանել դավանանքի ազատությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի