Իշխանական ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ պետք է պետական մակարդակով բացառվի սուտը:
«Մեր կյանքում սուտը եղել է միշտ և ամենուր, սակայն ոչ նման ահռելի չափերով։ Դրա մասշտաբայնության մեջ իրենց «անգնահատելի» ավանդն ունեն Հայաստանի ներկա իշխանությունները, որոնք ստում էին ու ստում են միշտ և ամենուրեք․ հանրահավաքների ժամանակ, հեռուստատեսության ու այլ էկրաններից, ստում էին պատերազմից առաջ, ընթացքում, հետո։
Իշխանական ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր։ Արդյունքում ունեցանք, ունենք խաբված ժողովուրդ, հուսահատության փոխակերպված դառն իրականություն։
Առանձին-առանձին չթվարկելով ներկա իշխանության ստերը (դա անելու համար ամիսները չեն բավականացնի), փաստենք միայն, որ Հայաստանի գալիք ղեկավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել պաշտոնյաների կողմից սուտ տեղեկություններ հաղորդելը կանխելու ուղղությամբ, ընդհուպ արարքը քրեականացնելու միջոցով։ Այս նախաձեռնության կարևորությունն ու հրատապությունն անհնար է գերագնահատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շատ պաշտոնյաներ պարզապես հաճույք են ստանում ստելուց։ Հաճույքի այդ «աղբյուրը» պետք է չորացնել։
Նախկինում նմանատիպ օրենսդրական առաջարկությունների թիրախը հիմնականում եղել է մարդկանց ազատ խոսքի սահմանափակումը, քանի որ դրանում պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը չէր սահմանափակվում պաշտոնյաներով, իսկ մեր առաջարկությունը բխում է հենց հասարակության շահերից․ այն պետական լծակների տիրապետող անձանց օրենքով կպարտավորեցնի գործել ազնիվ՝ այդ նույն օրենքի ուժով պարտադրելով չխաբել ժողովրդին՝ ելնելով գերատեսչական կամ այլ շահերից։
Այսպիսով, մենք առաջարկում ենք հանրային քննարկման դնել և համապատասխան օրենսդրական մեխանիզմներով ՀՀ քրեական օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ հոդված․
Պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը
1․ Պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը հանգեցրել է ծանր հետևանքների կամ մարդու մահվան`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Վերոնշյալ հոդվածով նախատեսված կարգավորումները պայմանական բնույթի են, մենք բաց ենք մեր գործընկերների կարծիքների ու առաջարկությունների առաջ»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ուրախ ենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Վանեցյանը
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտնել է՝ ԱԺ առաջիկա ընտրություններին որ ուժերին կսատարեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան