Պաշտպան. Գագիկ Բեգլարյանի դեպքում «օպերատիվ-հետախուզական» միջոցառում բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ով օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հանձնվել էր Ազգային անվտանգության ծառայությանը, ազատության մեջ է: Panorama.am-ի հետ զրույցում պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ Գ.Բեգլարյանն ինքնակամ է ներկայացել ԱԱԾ համապատասխան ծառայություն, դրա վերաբերյալ նախապես դիմում էր ներկայացրել:
Ըստ փաստաբանի, ապատեղեկատվություն է այն, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ է հանձնվել ԱԱԾ-ին. «Զարմացած եմ, որ կարելի էր նման կերպ ներկայացնել: Կեղծ տեղեկատվություն է, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում են արել, որ մարդը ինքնաթիռ նստի, գա Հայաստա՞ն, թե՞ որ գալիս էր Հայաստան, չգիտեր հետախուզուման մեջ էր, թե՞ չգիտեր, որ գար Հայաստան՝ իրեն դիմավորելու են իրավապահ մարմինները: Այսինքն՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառում» բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է: Ես եմ պաշտպանը, ես եմ ներկայացրել դիմումը, որ ցանկություն ունի ներկայանալու և ներկայանում է»:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հրանտ Անանյանն ասաց, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
ՀՀ գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին. «Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:
Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորվել է Գագիկ Բեգլարյանը
- «Ժամանակ». Առաջիկայում կարող է կալանավորվել Գագիկ Բեգլարյանը
- «Հրապարակ». Ինչո՞ւ է Գագիկ Բեգլարյանը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ
- «Հրապարակ». քննչական մարմինները խուզարկություն են կատարել Գագիկ Բեգլարյանի եղբոր տանը
- «Ժամանակ». Գագիկ Բեգլարյանը վերադառնում է