Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Իլոն Մասկը նահանջեց երրորդ հորիզոնական
Tesla-ի հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը, ըստ Bloomberg Billionaires Index-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երկրորդ հորիզոնականից իջել է երրորդ հորիզոնական՝ հետ մնալով LVMH խմբի ղեկավար ֆրանսիացի մեծահարուստ Բեռնար Առնոյից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Tesla-ի բաժնետոմսերը երկուշաբթի ընկել են 2.2% -ով և կազմել 576.83 դոլար: Վերջին հինգ օրվա ընթացքում դրանց արժեքը նվազել է 8.3%-ով՝ համաշխարհային տեխնոլոգիական հատվածի ընդհանուր անկման ֆոնին:
Մասկի կարողությունը, ըստ Bloomberg Billionaires ինդեքսի, 160,6 միլիարդ դոլար է, ինչը 24%-ով ցածր է հունվարին գրանցված գագաթնակետային մակարդակից:
Հունվարին Մասկը գլխավորում էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 2020 թվականին Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 750% աճի շնորհիվ: Այնուամենայնիվ, այս տարի Tesla-ի բաժնետոմսերն արդեն իջել են ավելի քան 18%՝ չնայած առաջին եռամսյակում էլեկտրական մեքենաների արտադրողի ռեկորդային շահույթին: Tesla-ի վրա ազդող բացասական գործոնների շարքում փորձագետները նշում են ավտոմոբիլային ոլորտում կիսահաղորդչային բաղադրիչների պակասով, ինչպես նաև ավանդական ավտոարտադրողների հետ աճող մրցակցությունը, որոնք ավելի շատ են կենտրոնացած էլեկտրական մեքենաների արտադրության վրա:
2021 թվականի սկզբից 49-ամյա Մասկի կարողությունը նվազել է 9,1 միլիարդ դոլարով: Առնոյի կարողությունն աճել է գրեթե 47 միլիարդ դոլարով և կազմել 161,2 միլիարդ դոլար, որը պայմանավորված է նրան պատկանող լյուքս դասի ապրանքանիշերի վաճառքի վերականգնմամբ, ինչպես Չինաստանում, այնպես էլ մի շարք ասիական այլ երկրներում։
Bloomberg Billionaires ցուցակում առաջատարությունը պահպանում է Amazon.com-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի