Տիկնայք, պարոնայք, կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք. Ռուբեն Մելքոնյան
Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Այսօր գալով աշխատավայր` ԵՊՀ, նայեցի օրվա գրությունները և դրանցից մեկը առաջացրեց ժպիտ և նեղմտության հանդեպ զզվանքի զգացողություն: Իշխանական «Հայկական ժամանակ» թերթը ԵՊՀ-ից խնդրում է տվյալներ իմ գիտական կենսագրության մասին` երբ եմ պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները, «ինչ հանգամանքներում», ովքեր են քվեարկել, որքան դեմ և կողմ:
Սակայն անզեն աչքով անգամ նկատելի է, որ համալսարանական դիպլոմ այդպես էլ չստացած լրագրողի հիմնադրած թերթի աշխատակիցը չի կարողացել քողարկել ակնհայտ միտումը, քանի որ հարցումը պարունակում է նման տեղեկություններ պահանջող գրություններում 1953 թվականին Ստալինի մահից հետո երբևէ չհանդիպող հարցեր:
Նախ` իրենց իշխանության հանդեպ իմ անթաքույց բացասական վերաբերմունքի ֆոնին այսպիսի անգրագետ հարցումը` ինձ հիմնավոր կասկածի հիմք է տալիս միտումի առկայության և իշխանության կողմից սողացող ճնշման նպատակադրվածության վերաբերյալ:
Ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգը հստակ է, քվեարկությունը` փակ, գաղտնի: Իմ երկու ատենախոսություններն էլ պաշտպանվել են հանձնաժողովների միաձայն կողմ քվեարկությամբ, պաշտպանության ողջ գործընթացի մասին արձանագրությունները և տեսաձայնագրությունները առկա են ՀՀ ԲՈԿ-ում:
Միայն մի խնդիր կա, որը ինձ «անհանգստացնում է». իմ ատենախոսությունները, մոտ մեկ տասնյակ գրքերը, դասագրքերը, 90-ից ավելի գիտական հոդվածների մեծ մասը օբյեկտիվ, սակայն հակաթուրքական բնույթ ունեն: Միգուցե սա է մտահոգություն առաջացրել «թշնամանքը կառավարել» ցանկացող առանց բարձրագույն դիպլոմի անձի իշխանության և նրա թերթի մոտ:
Մի «մեղք» էլ ունեմ. իմ բազմաթիվ թուրքագետ-սաները (այդ թվում գիտական կոչումներ ունեցող) տարբեր ոլորտներում` գիտական, վերլուծական, կրթական, մամուլի, պետական տարբեր գերատեսչություններում իրականացնում են մասնագիտական գործունեություն, իսկ մասնագիտական` թյուրքագիտական իմացությունը որևէ մեկին չի կարող թույլ տալ Ալիևին համարել «կիրթ, կառուցողական», ընդունել «թշնամանքը կառավարելու» տխմար և տգետ տեսությունը, Շուշին անվանել Շուշա և այլն:
Ինչևէ, ես միշտ սիրով եմ շփվում մամուլի հետ, ուստի պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին ինչպես մասնագիտությանս, այնպես էլ իմ համեստ անձի հետ կապված: Ի դեպ, պատրաստ եմ այս թեմայով պատասխանել անգամ «Հայկական ժամանակ»-ի, թուրքական և ադրբեջանական մամուլի հարցերին:
Հ.Գ. դասական ֆիլմում Բենդերը ասում է. «Շուրա, դուք պիժոն եք...»:
Ես ասում եմ. տիկնայք, պարոնայք և այլ կամ դեռևս չճշգրտված սեռի ներկայացուցիչներ, դուք պրիմիտիվ եք»:
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները ներկայացնում են լավ փաթեթավորմամբ Թուրքիա, որն իրականում գոյություն չունի. Մելքոնյան
- Պետք է ուշադիր լինել Թուրքիայի լարած թակարդին. Ռուբեն Մելքոնյան
- Սիստեմատիկ կերպով հարվածում են մեր ազգային, պետական կարևոր ինստիտուներին, դրանց հիմքերին. Ռուբեն Մելքոնյան
- Ներքին թուրքերի շրջանակներում կան որոշ ակտիվացումներ. Ռուբեն Մելքոնյանը
- Ռուբեն Մելքոնյան. 2018 թ. սեպտեմբերից փակվեց ԵՊՀ-ում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի