Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում իրադրության ողջ ծանրությունը զինվորականի ուսերին է․ Տ․ Աբրահամյան
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը, օպերատիվ կերպով, դրեց ռազմական ղեկավարության, հրամանատարության, զինվորականների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Խնդիրն այն չէ, որ բարձրագույն զինվորական կազմը սրանում որևէ պատասխանատվություն չունի, սակայն հարցը նրանում է, որ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականը հարցազրույց է տվել, որում մասնավորապես նշել է, թե «լարվածության վերացումից հետո, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն, արդյո՞ք դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալներ և ըստ դրան որոշումներ կկայացվեն»:
Ստացվում է, որ հենց սկզբից, Փաշինյանի քաղաքական թիմն իր ղեկավարին և իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից և խնդիրը տեղափոխում է զինվորականների դաշտ:
Ինձ չի հետաքրքրում, թե այս իրավիճակում ինչ է զգում ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, սակայն իմ համար կարևոր է, որպեսզի այն ինչ արել է երկրի քաղաքական ղեկավարությունը որևէ կերպով չբարդվի բարեխիղճ, պատվախնդիր և իր առօրյա ծառայությունը պատշաճ կերպով տանող զինվորականի, հրամանատարի վրա:
Առաջնագծի ծանր հատվածում զինվորականն է, այլ ոչ թե օրվա քաղաքական կոնյուկտուրայի բերումով «դեպքի վայրում» հայտնված, արագ լուսանկարվող, հարցազրույց տվող և իր հարմարավետ գրասենյակ շտապող պաշտոնյան:
Այս օրերի ողջ ծանրությունը, դժվարությունը, ճնշումն ու պատասխանատվությունը կրկին զինվորականի ուսերին է, ով իր թիկունքում չի զգում պետության պաշտպանությունն ու սատարումը, իսկ վերջնարդյունքում իրադրության ողջ մեղավորությունը կրկին բարդվում է նրանց վրա»,- գրել է նա: