Պատերազմից հետո ավերված երկրում հերոսություն էր հիմնադրել աստղադիտարան. Արեգ Միքայելյան
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն այս տարի նշում է հիմնադրման 75-ամյակը: Ասուլիսում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասաց, որ 1946 թ. նոյեմբերին ԳԱԱ հրամանով է ստեղծվել Բյուրականի աստղադիտարանը, բայց իրականում 1947 թ. գարնանից նոր սկսվել են շինարարական աշխատանքները, որոշ դիտակներ տեղադրվել, դեռևս առանց շենքերի ու գմբեթների, ու սկսվել են ուսումնասիրություններ կատարել:
«Ասում են` առաջին ամիսներին այնտեղ ոչինչ չի եղել: Շատերը հարցնում են՝ ինչու է Վիկտոր Համբարձումյանը այդ վայրն ընտրել: Բնականաբար, մարդկանց մեծ մասը գիտի, որ որքան բարձր լեռնային պայմաններ են, այնքան նոսր է մթնոլորտը, և աստղագիտական դիտումներն ավելի ձեռնտու է կազմակերպել այդպիսի միջավայրերում: Աշխարհում էլ կարևորագույն աստղադիտարանները գտնվում են բարձր լեռնային պայմաններում:
Իհարկե, լրացուցիչ պայմաններ էլի կան, և այդ ամենը միասին կոչվում է աստղակլիմա: Շատ հաճախ մի քանի տարի ուսումնասիրում են տեղը, նոր հետո են աստղադիտարան կառուցում:
Բյուրականի ընտրությունը մի կողմից կապված էր հենց լավագույն աստղակլիմայի ընտրության հետո: Բացի այդ, ընտրությունը կատարվեց Բյուրականի մոտ, որպեսզի Բյուրական գյուղն իր խղճուկ ենթակառուցվածքներով գոնե մի փոքր աջակցեր: Հայտի է, որ առաջին տարիներին աստղագետները հենց գյուղի տներում էին ապրում, գյուղացիները մեր հիմնադիր աստղագետներին օգնում էին, նույնիսկ կերակրում»,- ասաց Ա. Միքայելյանը:
Նա ընդգծեց՝ պատերազմից հետո ավերված երկրում մեր ղեկավարության կողմից ընդհանրապես հերոսություն էր հիմնադրել աստղադիտարան, առաջին հերթին Վիկտոր Համբարձումյանի մեծ ներդրումն է այդտեղ:
Արեգ Միքայելյանն ասաց, որ 1956 թվականին, երբ ամբողջ համալիրը պատրաստ էր, նոր տեղի ունեցավ պաշտոնական բացումը միջազգային գիտաժողովով:
Աստղադիտարանի տնօրենը հայտնեց, որ ուզում են աստղադիտարանի պատմությանը և գիտական նվաճումներին նվիրված գրքի հրատարակեն. «Այդպիսի գիրք երբեք չի հրատարակվել, մինչդեռ աշխարհի բոլոր գիտական հիմնարկներն ու աստղադիտարանները տարբեր առիթով ունեն այդպիսի գիրք` հաշվետվության տեսքով, բազմաթիվ նկարներով, գիտնականներով ու հպարտությամբ ներկայացնում են: Հիմա առիթ է, և մենք ուզում ենք դա անպայման ներկայացնել այս տարի: Աշխատանքների կեսը կատարված է: Մեր գիրքը երկու մասից է կազմված լինելու` գիտական արդյունքներ, մյուսը՝ ամբողջ պատմությունը»:
Ըստ նրա, հավանաբար աստղադիտարանի 75-ամյակը սեպտեմբերին կնշեն, որովհետև այդ ժամանակ նախատեսում են «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» խորագրով միջազգային գիտաժողով կազմակերպել: Արեգ Միքայելյանը նշեց, որ այսօր աստղագիտությունը գիտությունների առաջատարն է, որովհետև բոլոր բնական գիտություններն արդեն զարգանում են տիրեզերքից ստացված տվյալների հիման վրա, զարգացման մեծ հեռանկարներ են բացվում տիեզերական հետազոտությունների շնորհիվ:
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականի աստղադիտարանի և ԵՊՀ աստղադիտարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր
- Համալսարանների ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահները հյուրընկալվել են Բյուրականի աստղադիտարանում
- Բյուրականի աստղադիտարանում վերաբացվել է Աստղացուցարանը
- Միջոցառումներ՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին
- Բյուրականի աստղադիտարանի մի շարք կառույցներ այսուհետ կկրեն վաստակաշատ անձանց անուններ
- Կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր հսկողության տակ վերցնել. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
- Հայաստանի բոլոր իշխանություններն երբևէ չեն հասկացել գիտության դերն ու նշանակությունը մեր երկրի համար. Արեգ Միքայելյան
- Միաձայն կողմ են քվեարկել Բյուրականի աստղադիտարանը ԳԱԱ կազմում մնալուն
- Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալված արցախցի երեխաների օրերը հագեցած են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրերով
- Բյուրականը միջազգային գիտաժողովներ անցկացրած տասը խոշոր բնակավայրերի ցանկում է. Արեգ Միքայելյան