ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը սկսում է իր աշխատանքները՝ դիտարկելու ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները
«Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ-Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետներից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից երկրներ և աշխատելու են Երևանում։
Մենք նաև ԵԱՀԿ անդամ երկրներին կխնդրենք, որպեսզի նրանք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից»,- այս մասին այսօր Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բացման մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Էոհան Մերֆին։
Նա նշեց՝ նախատեսում են նաև ԵԱՀԿ-ին դիմել, որ Հայաստան ուղարկվի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին, հավելելով, որ կաճաժամկետ դիտորդներ ուղարկելու հնարավորությունը կապված է լինելու Կովիդ-19-ի համավարակի հետ կապված գնահատականից, այդ թվում ճամփորդելու սահմանափակումներից։
«Մեր առաքելությունը գնահատելու է, թե որքանով են ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին ու այդ մասով ստանձնած պարտավորություններին»,- ասաց Մերֆին։
Դիտորդները հետևելու են իրավական օրենսդրական դաշտին ու դրա կիրարկմանը, քարշոզարշավին, ընտրական մարմինների ու համապատասխան մարմինների աշխատանքին, այդ թվում անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը։ «Մեդիա մոնիտորինգը ևս կազմելու է այս դիտորդական աշխատանքի անբաժան մաս»,- ասաց առաքելության ղեկավարը։
Ընտրության օրը առաքելությունը մեկտեղելու է իր ջանքերը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուղարկած պատվիրակության ջանքերի հետ։
Առաքելությունը հրապարակելու է միջանկյալ հաշվետվություն աշխատանքի ընթացքում, իսկ ընտրություններից հետո կլինի մամուլի ասուլիս, որում կներկայացվի հայտարարություն՝ նախնական գնահատականներով ու եզրահանգումներով։
Վերջնական զեկույցը ընտրությունների վերաբերյալ կհրապարակվի ընտրություններից հետո մոտ երկու ամիս անց, որտեղ կամփոփվեն ընտրական ողջ գործընթացի դիտորդության արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան