Թուրքիայի մեջլիսի նախագահ. Օսմանյան պետությունում 29 հայ փաշա և կառավարության 22 հայ անդամ է եղել
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական իշխանամետ «Milliyet» թերթին տված հարցազրույցում խոսել է տարբեր երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերից (առաջիկա օրերին նման բանաձև կքննարկվի նաև Իսլանդիայի խորհրդարանում-խմբ.): Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա քաղաքական անբարոյականություն է որակել նման բանաձևերի ընդունումը՝ հայտարարելով, որ «բարոյական չէ մի երկրի (Թուրքիա) նման ծանր մեղադրանք վերագրել՝ առանց տիրապետելու խնդրի պատմական ու իրավական ասպեկտներին»:
Ըստ Շենթոփի՝ նրանք, ովքեր ձգտում են քողարկել այս օրերին Իսրայելի կողմից կատարվող հանցագործությունները, փորձում են նաև նենգափոխել անցյալը, քողարկել իրենց դաժանություններն ու իրենց քարոզչությունը ներկայացնել որպես իրականություն:
«Հայերը, որոնց հետ ցույց ենք տվել միասին ապրելու լավագույն օրինակներից մեկը, ըստ իրենց կարողությունների ու աշխատասիրության՝ նշանակվել են տարբեր պետական ու հասարակական կարևոր պաշտոնների: Պատմության մեջ է անցել 29 հայի՝ փաշայի կոչում ստանալը, կառավարության 22 անդամ լինելը, 7-ի դեսպան և 11-ի հյուպատոս լինելը: Նույնիսկ այդ իրադարձությունների (ցեղասպանության-խմբ.) տարիներին Օսմանյան կառավարությունում հայկական ծագմամբ պաշտոնյաներ կային»,- ասել է Շենթոփը:
Վերջինիս պնդմամբ պատմական ու իրավական տեսանկյունից հնարավոր չէ պնդել, որ ցեղասպանություն է եղել, և հայկական լոբբի կողմից խնդիրը տարբեր խորհրդարանների քննարկման առարկա դարձնելը ցույց է տալիս, որ խնդիրը դիտարկվում է որպես քաղաքական քարոզչության գործիք:
Շենթոփը նաև տեղեկացրել է, որ մեջլիսը տարբեր խորհրդարաններում օրակարգ բերվող բանաձևերի ընդունումը կանխելու համար բոլոր հարթություններում ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում:
«Այս շրջանակներում բացի ԹԱՄԺ (մեջլիս) ուսումնասիրությունների ծառայության վարչության պատրաստած զեկույցից,1915-ի դեպքերի թեմայով նամակներ ենք հղել Իսլանդիայի, Լատվիայի, Բելգիայի ու Իտալիայի խորհրդարանների նախագահներին ու մեկ անգամ ևս ներկայացրել պատմական ճշմարտությունները: Բարեկամական խմբերի աշխատանքներին զուգահեռ ամեն անգամ շարունակում ենք ապացույցների ու փաստաթղթերի վրա հիմնված հրապարակումներով/հրատարակություններով հերքել այսպես կոչված ցեղասպանության պնդումներ»,- նշել է Շենթոփը:
Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների բազմաթիվ վկայություններով, օրենքներով, բանաձևերով և միջազգային կազմակերպությունների որոշումներով: Ավելի քան 30 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանություն են համարվում Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը, բռնագաղթը և բռնի կրոնափոխումը։ Դրանքը ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը ըստ էության եղել է 1915-ի մայիսի 24-ին, երբ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ հայ ժողովրդի դեմ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա