Այսօր Երևանյան լճի հերոսի՝ Շավարշ Կարապետյանի ծննդյան տարեդարձն է
Մայիսի 19-ին իր ծննդյան տարեդարձն է նշում Շավարշ Կարապետյանը՝ լեգենդար մարդ ու մարզիկ, ով 1976 թվականին փրկել է Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին։
Կարապետյանը սուզալողորդ է, աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն, աշխարհի 11-ակի ռեկորդակիր։ Նա այսօր նշում է ծննդյան 68-րդ տարեդարձը։ Կարապետյանը սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահն է։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Շավարշ Կարապետյանը հերոսական արարք է կատարել 37 տարի առաջ՝ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ ուղևորներով լիքը տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, պատահաբար մոտակայքում գտնվող Շավարշ Կարապետյանը իսկույն ջուրն է նետվել: Ջրասուզված տրոլեյբուսից նա 20 մարդ է դուրս բերել, 20 կյանք է փրկել: Բայց սա Կարապետյանի միակ հերոսական փրկությունը չէր։
1974 թվականի հունվարի 8-ին Շավարշ Կարապետյանը Ծաղկաձորի սպորտային բազայից ավտոբուսով վերադառնում էր Երևան։ Ավտոբուսում այդ պահին գտնվում էին երեսունից ավելի ուղևորներ՝ ներառյալ մարզիկներ։ Վերելքի վրա վարորդը, նկատելով շարժիչի անսարքություն, ստիպված կանգնեցնում է մեքենան և դուրս գալիս։ Նույն պահին անկառավարելի ավտոբուսը շարժվում է տեղից։ Վարորդի բացակայությունը առաջինը նկատում է Կարապետյանը, ով ամենից մոտն էր նստած վարորդին։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը և կանխել դրա անկումը ձորի մեջ՝ Շավարշը արմունկով ջարդում է վարորդի խցիկի ապակյա պատը և կտրուկ ուղղում է ավտոբուսը դեպի սարը։
Ավելի ուշ այս իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ այս որոշումը միակ ճիշտ ելքն էր վթարից խուսափելու համար։ Հենց այս դեպքից հետո Շավարշ Կարապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես նրան հաջողվեց կանխել ողբերգությունը, ասել է իր հայտնի խոսքերը.
-Ուղղակի ես ամենից մոտն էի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա