Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում Երևանին և Բաքվին առաջարկում է ստեղծել հանձնաժողով
Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, առաջարկել է օգնություն տրամադրել Բաքվին և Երևանին՝ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում և հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ բանակցություններից հետո:
«Երեկ մենք ոչ պաշտոնապես սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը: Մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը և, համաձայն այդ խնդրանքի, քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև: Կողմերի հետ նախնական համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցություն ցուցաբերել նախ սահմանի սահմանազատման և սահմանագծման համար, հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք, միջնորդ», - ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինվորները ներխուժել են Հայաստանի պետական սահմանները Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել, խորանալով ՀՀ պետական սահմանում մինչև 3,5կմ։ Հայաստանը, Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։
Ադրբեջանի այս սադրանքը դատապարտեցին Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան՝ կոչ անելով Ադրբեջանին անմիջապես դուրս գալ Հայաստանի սահմաններից։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ կրքեր բորբոքելու առիթ չկա։ Ալիևը ևս «դեմ է Հայաստանի կողմից սահմանային խնդիրները միջազգայնացնելու փորձերին»։
ՀՀ ՊՆ-ն էլ նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Այդուհանդերձ, ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան