Բանկային ավանդներն առաջին եռամսյակին 0.2 %-ով նվազել են. Սեյրան Սարգսյան
«Տնտեսության առանձին ճյուղերի վարկավորումներն ուղղակիորեն կապված են տվյալ ճյուղերի ակտիվության հետ, այնտեղ, որտեղ ակտիվությունը մեծացել է՝ այդ ճյուղերում արձանագրվել է վարկավորման ծավալների աճ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ շինարարության ոլորտում վարկավորման ծավալները 2 %-ով աճել են և նրա հետ փոխկապակցված հիփոթեկային վարկերը ևս ավելացել են 7 %-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է վարկավորման 2 %-ի աճ:
Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Սարգսյանն արձանագրեց, որ նվազել են սպառողական վարկերը, արդյունաբերության ոլորտի վարկավորումը կրճատվել է 2 %-ով, իսկ տրանսպորտի և կապի ոլորտում՝ 1 % -ով։
«Տնտեսության առանձին ճյուղերի ակտիվության և վարկավորման մեջ բավականին ուժեղ կորելացիա կա»,- հայտնեց ՀԲՄ տնօրենը և հավելեց, որ վարկավորման ամբողջ ծավալի շուրջ 49%-ը տնտեսությանը կամ ընկերություններին տրամադրած վարկերն են, 41 %-ը ֆիզիկական անձանց է տրվել, իսկ 10 %-ը բանկերի միջև փոխանակվող վարկերն ու ավանդներն են:
Նա նկատեց, որ երկար տարիներ արտարժույթով տված վարկերի ծավալը մեծ է եղել, սակայն վերջին 2020-21 թթ. դրանք հավասարվել են դրամով տրված վարկերի ծավալին:
Սեյրան Սարգսյանի խոսքով՝ ավանդներն առաջին եռամսյակի վերջի դրությամբ 0.2 %-ով նվազել են, սակայն նախորդ տարվա մարտի հետ համեմատած աճել են 4.9 %-ով:
ՀԲՄ տնօրենը հայտնեց, որ Հայաստանի 17 բանկերը միասին ունեն 913 մլրդ դրամից ավելի կապիտալ, 541 մասնաճյուղ և նրանց աշխատողների թիվը հասնում է 12 700-ի, որոնք սպասարկում են 6 մլն 300 հազարից ավելի բանկային հաշիվ:
Նրա տեղեկացմամբ՝ ավանդների ծավալն հասել է 3,7 տրիլին դրամի, ակտիվները՝ 6,7 տրիլիոնի:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր կապիտալը մեծացել է 17 մլրդ դրամով, մեկ տարվա կտրվածքով՝ 51 մլրդ դրամով, իսկ ակտիվները տարվա ընթացքում աճել են 752 մլրդ դրամով:
«Ակտիվների հիմնական մասը կազմող վարկային ներդրումները մարտի 31-ի դրությամբ նվազել են 64 մլրդ դրամով, սակայն մեկ տարվա կտրվածքով դրանք ավելացել են 6.9%-ով»,- հայտնեց բանախոսը:
Սեյրան Սարգսյանը նկատեց, որ պատերազմի ժամանակ բանկային համակարգի կողմից բավականին մեծ վարկային գումարներ են ներվել և դուրս գրվել, որն իր ազդեցությունը պետք է ունենար վարկային պորտֆելի վրա:
Նրա խոսքով՝ այս ընթացքում բանկերը շարունակում են վարկավորումը, սակայն այն մի փոքր դանդաղել է, որի պատճառը ներդրումներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են