Եթե ինձ որևէ մեկն ասում է «ապուշ» կամ «հիմար», իմ տեղը հանձնաժողովը չի կարող վիրավորվել. Տիգրան Հակոբյան
«Նախորդ տարի կասեցվել է միայն մեկ հեռուստահաղորդման և ռադիոհաղորդման հեռարձակումը, մենք գտանք, որ նրա բովանդակությունը քաղաքական առումով վտանգավոր է անչափահասների համար»,- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողի նիստում հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ հանձնաժողովի 2020 թ. գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս:
Նա նաև հայտարարեց, որ հանձնաժողովը միջնորդելու հնարավորություն չունի և չի էլ պատրաստվում դիտարկել հեռուստաեթերներից հնչող վիրավորական յուրաքանչյուր արտահայտությունը:
«Եթե ինձ որևէ մեկն ասում է «ապուշ» կամ «հիմար», իմ տեղը հանձնաժողովը չի կարող վիրավորվել»,-իր օրինակով խնդիրը բացատրեց ՀՌՀ նախագահը և պարզաբանեց, որ եթե քաղաքացուն վիրավորել են, ապա վերջինս անձամբ պետք է դիմի հեռուստաընկերությունների էթիկայի հանձնաժողովներին կամ ՀՌՀ-ին, որպեսզի փաստն ուսումնասիրեն:
Ըստ Հակոբյանի՝ լրատվամիջոցների ազատությունը պայմանավորված է նաև նրանց փայատերերի, իրական կամ ֆորմալ սեփականատերերի ազդեցությամբ, իսկ գործող օրենսդրությունը և հասարակության զարգացումը թույլ չեն տալիս պատշաճ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին:
«Եթե մենք կարող ենք փաստել, որ մամուլը մեծ մասամբ ազատ է գործում և չունի իր վրա իշխանության ազդեցությունը, նույնը չենք կարող ասել այդ լրատվամիջոցների վրա տարբեր ֆինանսական ու քաղաքական խմբերի ազդեցության մասին: Այն եթե մամուլին տալիս է ազատության որոշ հնարավորություններ, բայց և չի երաշխավորում նրանց լիակատար անկախությունը»,-հայտարարեց ՀՌՀ նախագահը:
Նրա հավաստիացմամբ՝ իշխանությունների կողմից որևէ միջամտություն ՀՌՀ գործերին չի եղել և իրենք գործել ենք լիակատար ազատության մեջ, սակայն անմիջապես նկատեց, որ եղել են քննարկումներ, բայց հանձնաժողովի որոշումներն ուղղորդված չեն եղել:
Բանախոսը տեղեկացրեց, որ ՀՌՀ որոշումների դեմ լրատվամիջոցները ներկայացրել են 11 դատական հայց, իսկ 2001-2018 թթ. Եղել է ընդամենը մեկ դատական հայց:
Վերջինս այդ վիճակագրությունը բացատրեց նրանով, որ հանձնաժողովի փոխհարաբերությունները լրատվամիջոցների հետ լուծվում են օրինական դաշտում, դատական ատյաններում, այլ ոչ թե տարբեր աշխատասենյակներում կամ եղանակներով:
«Սա ևս խոսում է լրատվամիջոցների ազատությաւն ու մեր գործառույթների պատշաճ իրականացման մասին»,-հայտարարեց Տիգրան Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը դեմ էր մշակութային կոթողների պաշտպանությունն կարգավորող նախագծին
- Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է մանկավարժական կրթություն չունեցողին թույլ տալ ուսուցիչ աշխատել