Ամենասուրը մնում է անհայտ կորածների որոնման խնդիրը. ՌԴ խաղաղապահ զորախմբի սպա
Ռուսաստանի Խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման ստորաբաժանման Քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է աշխատանքը: Գործում է նաև «թեժ գիծ»՝ անհայտ կորած զինծառայողների որոնման նպատակով տեղեկատվություն հավաքագրելու, մարդասիրական օգնության և աշխատանքի տեղավորման հարցում օժանդակություն ցուցաբերելու համար և այլ խնդիրներով: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան 3600 մարդ օգնության համար դիմել է ընդունելության կենտրոն: Թեժ գծի միջոցով ստացվել է 800-ից ավելի զանգ:
«Մինչ այժմ ամենասուր հիմնահարցերը մնում են անհայտ կորածների որոնման, գույքի վերադարձի և փախստականների խնդիրները: Քաղաքացիները մեզ հետ կապվում են նաև տարբեր այլ հարցերով: Մասնավորապես՝ այսօր աֆղանական պատերազմի վետերաններից ստացվել է վճարումների մասին դիմում, ըստ որի՝ նրանք դեռ չեն կարողանում ստանալ իրենց համար նախատեսված վճարները: Մենք ընդունել ենք դիմումը և փորձում ենք օգնել նրանց»,- ասել է Քաղաքացիների ընդունելության կենտրոնի հերթապահ Դմիտրի Սերովը:
«Հեռախոսի միջոցով կապ հաստատած կամ անձամբ ներկայացած քաղաքացիներից հերթապահ սպաները պետք է հստակեցնեն խնդրի բնույթը, հարազատներից պարզեն զինծառայողի ենթադրյալ անհայտ կորելու տարածքի մասին տեղեկությունները և գրանցեն նրանց կապի միջոցների տվյալները: Բոլոր հարցումները մուտքագրվում են տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:
Հետագայում անհայտ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են ՌԽԶ-ի զինծառայողները` համագործակցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ»,- ասված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրոթյան մեջ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախում գտնվող ռուս խաղաղապահ ուժերին: Նրանք մեծ աշխատանք ենք կատարել, տարվում են որոնողական միջոցառումներ, տեղակայվել են հենակետեր, որպեսզի Արցախում անվտանգ լինի, և մարդիկ զգան, որ պաշտպանված են ռազմական բախումներից »,- ասել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, որն այցելել էր Մարդասիրական արձագանքման ստորաբաժանման Քաղաքացիների ընդունելության կենտրոն:
«Այժմ մենք ուզում ենք, որ այս պատերազմը ավարտվի, որպեսզի մեր բոլոր փախստականները կարողանան վերադառնալ իրենց տները և խաղաղ պայմաններում շարունակեն իրենց կյանքը»,-հավելել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ավելի քան 3500 օգնության հարցում են ստացել քաղաքացիների ընդունելության կենտրոնում